VT Foreign Policy կոչվող կայքը և որպես հեղինակ ներկայացվող Լուկաս Լեյրոզը (Lucas…

❗️VT Foreign Policy կոչվող կայքը և որպես հեղինակ ներկայացվող Լուկաս Լեյրոզը (Lucas Leiroz) հրապարակել են հերթական կեղծ նյութը, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի և մի շարք պետական պաշտոնյաների հասցեին ներկայացվում են ծանր և ակնհայտ անհիմն մեղադրանքներ՝ իբրև թե թրաֆիքինգի և օրգանների վաճառքի կազմակերպման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Ակնհայտ է, որ հրապարակումը շահարկում է հասարակության համար ծայրահեղ զգայուն և էմոցիոնալ թեմաներ՝ մարդու առողջության, օրգանների փոխպատվաստման և ենթադրյալ թրաֆիքինգի վերաբերյալ՝ փորձելով ձևավորել շոկային և վարկաբեկիչ տեղեկատվական ֆոն։ Նման մեթոդաբանությունը տեղեկատվական մանիպուլյացիայի տարածված գործիքներից է, երբ հասարակական բարձր զգայունություն ունեցող թեմաները օգտագործվում են պետական ինստիտուտների և պաշտոնյաների նկատմամբ անվստահություն ձևավորելու նպատակով։
Հատկանշական է նաև նյութի տարածման դինամիկան։ Այն նախ տարածվել է սոցիալական մեդիայում՝ այդ թվում X հարթակում հենց հեղինակի կողմից, այնուհետև արագորեն տարածվել է բոտ ցանցերի միջոցով, վերարտադրվել է մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ այսօր արդեն հայաստանյան ներքաղաքական տեղեկատվական դաշտում տիրաժավորվել է որոշ քաղաքական շրջանակների և շահագրգիռ դերակատարների կողմից։ Այս հերթականությունը բնորոշ է տարածաշրջանային տեղեկատվական միջավայրում հաճախ հանդիպող ապատեղեկատվության տարածման մեխանիզմներին։
Կարևոր է արձանագրել, որ տվյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն։
Այս պահին արդեն Հայաստանի Հանրապետության մի շարք լրատվամիջոցներ դիմել են պարզաբանումների համար։ Ուստի անհրաժեշտ եմ համարում հստակ արձանագրել․ սույն հրապարակումը ապատեղեկատվություն է և պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողությունների հերթական դրսևորում», — գրել է Բաղդասարյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով