Այս մասին վարչապետը նշեց Կառավարության մարտի 26-ի նիստում:
«Ցանկանում եմ արձանագրել և դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է: Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն և ակնհայտորեն նկատի ունենք, մենք առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն: Խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը: Բայց մենք՝ որպես ժողովուրդ, արդեն հարյուրից ավելի տարի է այդ սպասումով ենք ապրում: Սա կայսերական, ապահայկական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, շուտով կվերադառնաք կամ կվերադարձնենք, Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկա: Այս քաղաքականությունն ունի երկու նպատակ. առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, երկրորդը՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ-հոգեբանությունը պանդուխտի է, այդ պետությունը չի կարող կայանալ:
«Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խնամքի մասին, նշանակում է, որ սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք, հակառակ դեպքում՝ չենք գտնի խաղաղությունը, կկորցնենք, որովհետև, երբ մենք այդ խոսույթները շարունակում ենք, մենք մտնում ենք կոնֆլիկտի մեջ բոլորի հետ մեր շուրջ: Հետո հասկանում ենք, որ մեր ռեսուրսները բավարար չեն, սկսում ենք երաշխավոր փնտրել մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին»,- նշեց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև այն տեսակետին, թե երկիրը խաղաղություն է ունեցել մինչև 2020 թվականը:
«Մենք խաղաղություն չենք ունեցել, մենք ունեցել ենք սառեցված պատերազմ, մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում մեր ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, ազատության և զարգացման հաշվին: 2016 թվականի դրությամբ արդեն պատերազմը հետաձգելու բոլոր ռեսուրսներն այլևս սպառված էին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը եզրափակեց՝ եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտվի, տարածաշրջանից «մեծ կտորը ականջն է մնալու»:
Թողնել պատասխան