Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր …

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր է կնքվել բժշկական տարբեր կազմակերպությունների հետ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի մասնավոր բժշկական հաստատություններ են ապահովագրության շրջանակներում համագործակցություն հաստատել։

«Ապահովագրության շրջանակներում ընդհանրապես նշանակություն չունի, թե բուժհիմնարկը ինչ կազմակերպաիրավական տեսակ ունի՝ պետական, մասնավոր, թե համայնքային։ Մենք համագործակցում ենք բոլոր կազմակերպաիրավական տեսակներ, ցանկացած սեփականության ձև ունեցող բժշկական կազմակերպությունների հետ, որովհետև մեզ համար կարևոր է, որ նրանք ապահովեն այն հիմնական պահանջները, պայմանները, որոնք մենք սահմանում ենք։ Դրանք և՛ մեր շահառուների սպասարկմանը վերաբերող, և՛ ընդհանուր նրանց ֆինանսական վիճակի, կադրային հագեցվածության սարքավորումներին, և՛ այլնին վերաբերող պահանջներն են, որոնք բաց և հրապարակային տեղադրել ենք։ Ցանկացած բժշկական կազմակերպություն՝ լինի ՓԲԸ, ՊՈԱԿ, ՀՈԱԿ, թե ԱՁ, եթե բավարարում է այդ պայմաններին և կարող է մատուցել այն ծառայությունները, որոնք պատրաստվում ենք ձեռք բերել մեր շահառուների համար, ապա կարող է դիմել, և որոշակի ստուգումներ անցնելուց հետո պայմանագիրը համարվում է հաստատված։ Այնուհետև, նրանց անվանումը և այն ծառայությունները, որոնք նրանք կարող են մատուցել, հրապարակվում է մեր կայքէջում, և մեր քաղաքացիները կարող են տեսնել, թե որ բուժհիմնարկում ինչպիսի ծառայություններից կարող են օգտվել»,- մանրամասնեց Խարազյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև դեղատներին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով