ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում հավելեց, որ իրենք քաղաքացիների հետ միասին ստեղծել ու կայացրել են հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը։
«Միևնույն ժամանակ, մենք այդպես էլ չդադարեցինք լինել մեր ժողովրդի հասարակ ներկայացուցիչները և նրանց համար մնացինք իրենց ընկերը, գործընկերը, իրենց ցավով ապրող, իրենց հետ տխրող, իրենց հետ ուրախացող մարդիկ։ Մնացինք նրանց կողքը կանգնած, և մեզ հետ նրանք սկզբից հեղափոխություն արեցին, հետո անցան պատերազմի միջով և, ի հեճուկս ամեն ինչի, վերահաստատեցին, որ Հայաստանը ապագա ունի։ Մենք մնացինք այդ հարազատի, ընկերոջ դերում, ում վրա կարելի է բարկանալ, ում կարելի է խրատել, ում հետ կարելի է վիճել, դարդերը լացել, ուրախություն կիսել, որովհետև մենք ժողովրդինն ենք»,- ասաց Սիմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ բնական է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են իրենց սատարում և գովաբանում։
«Այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության։ Պատմենք, կիսվենք ու նորից խոսենք։ Այս նախընտրական շրջանն այդ խոսակցություններն ունենալու լավագույն ժամանակն ու հնարավորությունն է։ Խոսակցություն, որի ընթացքում պետք է լսենք մեր սխալների ու բացթողումների մասին և պատմենք, բացատրենք մեր քաղաքացիներին մեր պատկերացումների մասին, որովհետև խոսակցությունն ամենակարևոր բանի մասին է՝ իրական Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ շատերը երազում էին սերունդներին որպես ժառանգություն թողնել խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ։
«Եվ մենք այսօր դա ունենք։ Մշտապես փորձելու են ներսից ու դրսից մեր խաղաղությունը մեզանից խլել, փորձելու են դա անել նաև հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, մեր ցավերի, մեր հպարտության ու ապագայի հետ, որպեսզի նորից տանեն անցյալ ու պահեն այնտեղ, որպեսզի մեզ խղճանք, ուրիշները խղճան, որ հայի բախտն է մերը, ու մենք ո՛չ ապրենք, ո՛չ շատանանք, ո՛չ էլ լինենք․․․ Հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։ Ապրելու ենք հավետ, լինելու ենք ազատ, անկախ ու մեր խաղաղ պետականությամբ»,- ասաց Սիմոնյանը։
Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ ՔՊ կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թողնել պատասխան