Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկխոսությունը Բաքվում պահվող հայ գերիների…

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկխոսությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով։
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգու Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, սակայն դեռևս հասկանալիորեն կան չլուծված հարցեր, որոնց թվում ամենազգայունը հայ գերիների ու պահվող անձանց հարցն է։
«Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես նույնն է, իհարկե, մենք կարծում ենք, որ հաստատված խաղաղությունը հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի, խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, և միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, խնամքի, հոգատարության կարիք ունի։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը կամ նույն երկկողմ առևտուրը, որն արդեն կա, և որը, կարծում ենք, որ կզարգանա։ Ցավոք սրտի և հասկանալիորեն, բոլոր հարցերը չէ, որ լուծված են, և հայ գերիների ու պահվող անձանց հարցը, իհարկե, այդ հարցերից ամենազգայունն է մեր հասարակության համար։ Այո, ցավոք սրտի, Բաքվում դեռ կան հայ գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, անշուշտ, սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է, մենք շարունակում ենք այս մասին խոսել նաև մեր միջազգային գործընկերների հետ։
Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակն այս առումով, մենք համաձայն ենք, որ խնդիր կա և շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այս հարցում նորություն դեռ չկա, սա այն հարցն է, որ երբ նորություն է լինում, ամբողջ հասարակությունն անմիջապես իմանում է դրա մասին։ Այստեղ նորություն միակը կարող է լինել՝ նոր խմբի ազատ արձակումը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով