«Ադրբեջանի պատվիրակներից մեկը, որը նախորդ այցի ժամանակ Հայաստան էր եկել, 2 օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Վենսին նամակ էր ուղղել Հայաստանը զավթողական անունով («Արևմտյան Ադրբեջան» — խմբ․) կոչող կազմակերպության անունից, պատվիրակներից մյուսն էլ ստորագրել էր այդ նամակի տակ։ Դրանով, կարծում եմ, այդ քաղհասարակության ներկայացուցիչների, նրանց նպատակների մասին ամեն ինչ ասված է»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանել է հայաստանյան և ադրբեջանական քաղհասարակությունների անդամների արդեն 4-րդ հանդիպումը։ 20 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը ապրիլի 10-12-ն Ադրբեջանում մասնակցել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երկկողմ կլոր սեղանին։ Վերադառնալուց հետո ասուլիսում նրանք հայտարարեցին, որ Ադրբեջանում գերիների հարցն են բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում, ադրբեջանական լրատվամիջոցների հակահայ նարատիվների հարցն են արծարծել և վստահ են՝ ձևավորում են նոր նարատիվներ։
Ադրբեջանագետը փաստում է՝ Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը վերջին 5 ամիսներին մոտ 170 հրապարակում է արել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, կազմակերպում են սեմինարներ, նկարչական դասընթացներ և այլն, զուգահեռ բլեֆ անելով խաղաղության թեմայով։
«Ադրբեջանական ողջ պրոպագանդան ամբողջությամբ Հայաստանի տարածքը որպես ադրբեջանական հող է ներկայացնում․ քանի անգամ գնացին-եկան, ով գնաց-եկավ՝ այդ ձևաչափը դրանից չի փոխում, ցավոք։ Շատ ուրախ կլինեի, որ փոխվեր, բայց դա տեղի չի ունենում։ Երբ տեսնում ենք, թե երկրի ներսում ինչպիսի օրակարգեր են առաջ մղվում, ինչ մտածելակերպով է սերունդ մեծանում` «Հայաստանն իրենց տարածքն է», «հայերը ֆաշիստներ են», բնականաբար, որոշ ժամանակ անց այդ սերունդը արդեն համապատասխան վերաբերմունք է ունենալու մեր նկատմամբ»։
Թողնել պատասխան