«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում։
«Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների շփումները լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»,-ասաց վարչապետն՝ անդրադառնալով վերջին շրջանում վերոնշյալ երկրների պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցող շփումների ու հանդիպումների ակտիվացմանը վերաբերող հարցին։
Խոսելով արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ճակատագրի, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման հեռանկարներին վերաբերող հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ առումով նորություններ չկան։
«Նոր բան չկա, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Փորձում ենք հնարավորություններ գտնել՝ նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները»,-ասաց վարչապետը։
Այս համատեքստում նա նաև հիշեցրեց, որ թուրքական ավիաընկերություններից մեկն արդեն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան։
«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ իր համար հարցն այն չէ, թե տեղի կունենան արդյո՞ք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հարցն այն է, թե դա ե՞րբ տեղի կունենա։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում, որ դրանք հնարավորինս շուտ տեղի ունենան։
Թողնել պատասխան