Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն …

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գագաթնաժողովին ժամանելիս հայտնել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Նա նշել է, որ այս իմաստով կարևորում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը գագաթնաժողովին, և մայիսի 3-ին նրա հետ ունեցած հանդիպումը գերազանց է որակել:
Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրել, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ողջունում է Հայաստանի հանձնառությունն ամուր ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին:
«Մենք կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: Սրանք այլևս հեռավոր վտանգներ չեն: Եվրոպական խորհրդարանը հատկապես հանձնառու է շահառագրգիռ կողմերի հետ աշխատելուն, որպեսզի դրանք վերանան, որովհետև իրական սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար: Պատերազմներ ընթանում են ոչ միայն գետնին, այլև թվային տիրույթում, և դրանք խաթարում ու թիրախավորում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները», — հավելել է Մեցոլան:
Նա նշել է, որ այս առումով աշխատանք է տարվում սոցիալական հարթակների հետ՝ համոզվելու, որ այն գործիքները, որոնք ստեղծվել են մարդկանց միմյանց ավելի մոտ դարձնելու համար, չեն չարաշահվի:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով