Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե…

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելիս:

«Հրաշալի է լինել այստեղ՝ Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը: Եվրոպան աշխարհագրության մասին չէ, այն արժեքների և սկզբունքների մասին է, այդ պատճառով մենք շատ ուրախ ենք այստեղ ողջունել Կանադային տարբեր հարցերի քննարկման համար: Բացի այդ, այս գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: Մենք խոսում ենք կապակցվածության մասին, բայց նաև դիմակայունության մասին՝ ի դեմս մեր առջև ծառացած մարտահրավերների», — ասել է Կալասը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև անդրադարձել է Միջին Միջանցքի կարևորությանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրադարձությունները՝ բոլորը ձգտում են առևտրային ուղիների դիվերսիֆիկացման:

«Այդ պատճառով կապակցվածությունը և այս ուղիները շատ կարևոր են», — նշել է Կալասը:

Վրաստանի հետ կապված ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այդ երկրի կառավարությունը փաստացի քայլեր չի ձեռնարկում՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին հայտարարություններին։
Կալասը նաև անդրադարձել է Գերմանիայից ԱՄՆ 5000 զինծառայողի դուրսբերման մասին Պենտագոնի որոշմանը: Կալասի խոսքով՝ Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին խոսակցությունները նորություն չեն, սակայն Գերմանիայից ամերիկացի զինծառայողների մի մասին հեռացնելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշման ժամկետն անակնկալ էր: Նա շեշտել է, որ սա միայն մեծացնում է ՆԱՏՕ-ում եվրոպական բաղադրիչի ուժեղացման կարևորությունը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով