Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայ…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգի ընթացքում շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։
Մակրոնը նշեց, որ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած աղետը, երբ Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին։

«Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց։ Մենք գիտենք բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»,- ասաց Մակրոնը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գյումրիում անցկացվող համերգը Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակում կազմակերպված վերջին միջոցառումն է։

«Ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց, թե ինչպես է առանց բոլորիդ ողջունելու հեռանալու։ Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Ես Ֆրանսիայում ասում էի իրեն, որ Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն է վայելում, ասում էր՝ չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ նման տեսարան է լինում, իրեն ասում եմ՝ տես, որ չէի չափազանցնում»,- ասաց Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով