Մեծ Հայքից հետո, որը 301թ. առաջինն ընդունեց քրիստոնեությունը, 319 թ․ Վիրքի (Իբեր…

Մեծ Հայքից հետո, որը 301թ. առաջինն ընդունեց քրիստոնեությունը, 319 թ․ Վիրքի (Իբերիայի) թագավորությունը դարձավ քրիստոնյա պետություն։ Այս իրադարձությունը անխզելիորեն կապված է Սուրբ Նինոյի (Նունեի) անվան հետ։
📍Նա Հռիփսիմյանց կույսերի խմբի հետ փախել էր Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Մինչ նրա քույրերը՝ Հռիփսիմեն ու Գայանեն, նահատակվում էին Հայաստանում Տրդատ Մեծի ձեռքով, Նինոն առանձնանում է Վարագա լեռան մոտ և ճանապարհ բռնում դեպի հյուսիս՝ Վիրք։ Մովսես Խորենացին վկայում է, որ Նինոն Ջավախքում հովիվների հետ խոսել է հայերենով, ինչը փաստում է այն ժամանակվա մշակութային սերտ կապերի մասին։
🌲Հաստատվելով Մցխեթա քաղաքի շրջակայքում՝ Նունեն սկսում է իր ճգնավոր կյանքն ու բժշկումները։ Նա խաչակնքմամբ բուժում է Նանա թագուհուն, սակայն Միհրան արքան դեռևս տատանվում էր։
Ըստ ավանդության՝ որսի ժամանակ թանձր մառախուղն ու խավարը շրջապատում են արքային։ Հիշելով Տրդատ Մեծի հետ պատահածը՝ Միհրանը վախենում է նույն ճակատագրից և աղոթում «Նինոյի քարոզած Աստծուն»։ Խավարը ցրվում է, և արքան, վերադառնալով պալատ, Հիսուս Քրիստոսին հռչակում է բարձրյալ Աստծո որդի, իսկ Նունեին՝ առաքյալ։
🌍Քրիստոնեության ընդունումը միայն հոգևոր քայլ չէր։ 4-րդ դ․ Վիրքը գտնվում էր Հռոմեական կայսրության և Պարսկաստանի շահերի բախման կիզակետում։ Ընդունելով քրիստոնեությունը՝ Վիրքը, Հայաստանի նման, ակամա թեքվեց դեպի արևմտյան քաղաքակրթություն՝ ամրապնդելով իր ինքնությունն ընդդեմ զրադաշտական Իրանի։
🏯 Թագավորի գործակցությամբ Նինոն կործանել է տալիս Կուր գետի ափին վեր խոյացող Արամազդի (Արմազի) արձանը։ Դրա փոխարեն կանգնեցվում է Քրիստոսի խաչը։ Հետագայում Նունեի ջանքերով Մցխեթում հիմնադրվում է Վրաստանի գլխավոր տաճարը՝Սվետիցխովելին։
📜Վրաստանի քրիստոնեացման մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ինչպես հայ պատմիչ Մովսես Խորենացին, այնպես էլ վրաց պատմահայր Լեոնտի Մրովելին։
Վիրքի քրիստոնեացումը հետաքրքրություն է առաջացրել նաև աստղագետների շրջանում, որոնք ենթադրում են, որ որսորդության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունը պատահել է 319 թվականի մայիսի 6-ին, երբ տեղի է ունեցել արևի լրիվ խավարում՝ տեսանելի Արևելյան Վրաստանի ողջ տարածքից։
Մաքուր Պատմություն📖

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով