ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 7-8-ը Բուդվայում անցկացվող Միջերկր…

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 7-8-ը Բուդվայում անցկացվող Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 20-րդ լիագումար նիստի շրջանակում մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ եւ գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:
Գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանին Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի կողմից ստորագրված փաստաթղթով կողմերը վերահաստել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնառությունը պահպանելու ու խորացնելու համագործակցությունը՝ նպաստելով ընդհանուր արժեքների եւ նպատակների առաջմղմանը Եվրո-Միջերկրածովյան ու Ծոցի տարածաշրջաններում, ինչպես նաեւ դրանցից դուրս:
Միջոցառման ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել ելույթով «Խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության հենասյուն» թեմայով:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նաեւ կարճ շփումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ:
Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ եւ գործընկեր երկրների խորհրդարանների պատվիրակություններ՝ ներկայացված խորհրդարանների նախագահների, փոխնախագահների եւ բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով