«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Ե…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի պետականության, անկախության, ինչպես նաև  գիտության ոլորտում արված ներդրումների մասին։
Փաշինյանը նշել է՝ Հայաստանը ծանր փորձությունների միջով անցնելով՝ կարողացել է ձեռք բերել անկախ պետականություն։
«Այո, մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, բայց մենք, այդ ամենի միջով անցնելով, ձեռք ենք բերել պետություն և անկախություն»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ զոհված զինծառայողների ընտանիքները պետք է գիտակցեն, որ նրանց զավակները զոհվել են Հայաստանի պետականության պահպանման համար։
«Այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև հայտարարել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է գիտության ոլորտի ֆինանսավորումը։
«2018 թվականից սկսած՝ Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ պետական բյուջեի միջոցներով գիտական հիմնարկներին մատակարարվել են այնպիսի սարքավորումներ, որոնք նախկինում Հայաստանում երբեք չեն եղել։
Նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանում այժմ գործում է սուպերհամակարգիչ, որը ձեռք է բերվել պետական ֆինանսավորմամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով