Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բանակի բարեփոխումների, զինծառայողների սոցիալական ապահովության և անվտանգության քաղաքականության մասին։
«Բարեփոխումներ իրականացնելու համար, այո՛, այդ թվում պարտք ենք վերցրել։ Ինչի՞ ենք պարտք վերցրել, որովհետև փողը շատ է պետք եղել ու միանգամից»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքը շարունակում է մնալ միջազգային չափանիշներով ընդունելի մակարդակում։
Փաշինյանը նշել է, որ այդ ներդրումները համեմատելի են ընտանիքների կողմից հիփոթեքային վարկերով բնակարան ձեռք բերելու հետ։
«Նույն կերպ մենք ներդրում ենք արել մեր երկրի բարեկեցության մեջ»,- ասել է նա։
Փաշինյանը կրկին անդրադարձել է մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ նշելով, որ այնտեղ քաղաքացիները կտեսնեն բոլորովին նոր որակի բանակ։
Նա տեղեկացրել է, որ զորահանդեսին մասնակցելու են նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները։
Փաշինյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում 18-ամյա երիտասարդները վեցամսյա պատրաստությունից հետո պայմանագրային ծառայության են անցնում և ստանում 300-600 հազար դրամ աշխատավարձ։
«Եթե նախկինում իրենց ծնողները իրենց շոր էին ուղարկում, սնունդ էին ուղարկում, այսօր այդ տղաները 300-600 հազար դրամ փող են տանում իրենց տները»,- նշել է նա։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2026 թվականից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած և ծառայության անցնող բոլոր սպաները պետությունից բնակարան կստանան։
Բացի այդ, նրա խոսքով, կառավարությունը որոշել է առաջիկա չորս տարիների ընթացքում լուծել նաև երկարամյա զինծառայողների և զոհվածների ընտանիքների կուտակված բնակարանային խնդիրները։
Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանի բանակում կան մինչև 700 հազար դրամ վարձատրություն ստացող զինծառայողներ։
Թողնել պատասխան