ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2025-2029 թվականների տ…

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրում՝ բարձրացնելով տոհմային կենդանիների ձեռքբերման պետական աջակցության չափը և ընդլայնելով ծրագրի շրջանակները։
Համապատասխան նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին հանրապետությունում տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված խնդիրներով։

«Եթե գործող ծրագրով մինչև 40 տոկոս փոխհատուցում էինք տրամադրում 25 և ավելի գլուխ տոհմային կենդանի ձեռք բերելու դեպքում, իսկ մինչև 25 գլխի դեպքում՝ 30 տոկոս, ապա այժմ առաջարկում ենք փոխհատուցման չափը հասցնել 50 տոկոսի՝ անկախ գլխաքանակից»,-ասել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նաև ավելացնել այն կենդանիների առավելագույն քանակը, որոնց համար կտրամադրվի փոխհատուցում։ Եթե նախկինում աջակցությունը վերաբերում էր առավելագույնը 300 տոհմային կենդանու, ապա այժմ սահմանաչափն առաջարկվում է հասցնել 1000 գլխի։

«Խոշոր տնտեսությունները, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել և մինչև 1000 գլխաքանակ ներմուծել Հայաստան կամ ձեռք բերել արդեն Հայաստանում բուծված կենդանիներ, նույնպես կկարողանան օգտվել ծրագրից»,-նշել է նախարարը։

Փոփոխությամբ նախատեսվում է նաև մեկ տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը 1 միլիոն դրամից բարձրացնել մինչև 1,1 միլիոն դրամ՝ հաշվի առնելով կենդանիների և տրանսպորտային ծախսերի թանկացումը։
Վերանայվել է նաև ծրագրի վարկային բաղադրիչը։ Եթե նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր վարկերի տոկոսադրույքը՝ այն դարձնելով 2-3 տոկոս, ապա այժմ առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել տոկոսադրույքը՝ ֆերմերների համար ապահովելով 0 տոկոսանոց վարկեր։ Ընդ որում՝ վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել 14 տոկոսը։
Բացի այդ, արտոնյալ ժամկետը 12 ամսից կերկարաձգվի մինչև 18 ամիս, ինչի արդյունքում մայր գումարի մարումները կսկսվեն միայն 18-րդ ամսից հետո։
Պապոյանի խոսքով՝ նախորդ ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 2600 գլուխ բարձրարժեք տոհմային կենդանի, որոնցից արդեն ստացվել է 12 200 գլուխ սերունդ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով