Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապար…

Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման յոթ տարի և մեկ ամիս ժամկետով
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանցին ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսին Հունաստանի ոստիկանության և հետախուզական ծառայության կողմից իրականացված գործողության արդյունքում։
Այդ ժամանակ կար կասկած, որ նա մոնիթորինգի է ենթարկում Հունաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ համարվող Սուդայի ռազմածովային բազան։
Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից ի վեր մնացել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի արևմտյան Կրետեի Խանիա շրջանում գտնվող ռազմածովային և ռազմաօդային բազան։
Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ նա մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա տերություններին փոխանցելու մեջ, այդ թվում՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր։
Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ նա լրտեսելու մտադրություն չի ունեցել, լուսանկարել է մի տեսարան, որտեղ բոլորը մուտք ունեն։
Նրա սենյակից առգրավված իրերի թվում են եղել բարձր որակի նկարահանում անող տեսախցիկ, USB, ինչպես նաև տվյալների պահպանման կրիչներ:
Աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը նրա համակարգչում նաև հայտնաբերել է կոդավորման ծրագիր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով