Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում մեկնարկ…

❗️Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում մեկնարկել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության համատեղ աշխատանքները՝ բուսական և կենդանական ծագման արտադրանք թողարկող հայկական մի շարք ձեռնարկություններում վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի շրջանակում առաջիկա օրերին կիրականացվեն ստուգումներ արտադրական օբյեկտներում գնահատելու արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության սահմանած սանիտարական և բուսասանիտարական պահանջներին։ 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր կայացել է աշխատանքային քննարկում «Ռոսսելխոզնադզոր» պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Քննարկման ընթացքում կողմերը համաձայնեցրել են առաջիկա ստուգումների օրակարգը, վերահսկողական գործողությունների ձևաչափը և համագործակցության հիմնական ուղղությունները։
Նախատեսվում է, որ առաջիկա 7 օրերի ընթացքում ստուգումներ կիրականացվեն բուսաբուծական ութ արտադրավայրերում  և ձկնաբուծական չորս ձեռնարկություններում։ Վերահսկողության ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու բուսասանիտարական ռիսկերը:
Կողմերի գնահատմամբ՝ գործընթացը նպատակ ունի ապահովելու Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսական, կենդանական և ձկնաբուծական արտադրանքի անվտանգությունը և համապատասխանությունը գործող  ԵԱՏՄ պահանջներին և նորմերին։
Նշվում է, որ նախկինում ևս իրականացվել են համատեղ ստուգումներ և առցանց վերահսկողության ձևաչափեր, որոնք նպաստել են արտահանման գործընթացների կարգավորմանն ու համագործակցության խորացմանը։
Վերահսկողական աշխատանքները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց, որը միտված է շուկաների կայունության և սննդամթերքի անվտանգության բարձրացմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով