Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների թեմայի…

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների թեմայից
Մայիսի 22-ի ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման և անկլավների թեմային՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

«Իրավական պարտադիր ուժ ունեցող թուղթ կա, որ Ալմաթիի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման բազային հիմքն է»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ անկախ Հայաստանը նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավների հարցից, քանի որ այդ դեպքում հրաժարում կլինի նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից։

«Այսօր կան հարցեր, և անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մեկ պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը։ Եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է։ Ոչ մեկ չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ այս պահին անկլավների հարցի լուծման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն կամ ռազմավարություն չկա։

«Որևէ պայմանավորվածություն, որևէ հայեցակարգ, ռազմավարություն այդ հարցի լուծման հետ կապված չկա, բայց կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ հնարավոր է նաև նայվի, թե մենք այդ հարցին ոնց ենք մոտենում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ սահմանազատման գործընթացում քննարկվելու են նաև ճանապարհների, ենթակառուցվածքների և հաղորդակցությունների հետ կապված հարցերը, իսկ հնարավոր որոշումները լինելու են բաց և հրապարակային։

«Եթե սահմանազատման ընթացքում որոշ օպտիմալացումներ լինեն, դրանք կլինեն բաց, հրապարակային և թափանցիկ»,-ասել է նա։

Փաշինյանը վերահաստատել է, որ սահմանազատման արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքը կլինի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր։

«Սա երկաթյա տրամաբանություն է, ուրիշ տրամաբանություն չի կարող լինել»,- նշել է վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով