Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գ…

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար»,- ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ այդպիսի ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում Եվրամիության մասնակից երկրների համար։
Նրա խոսքով՝ այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։
«Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ դեռևս բաց է Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի հետագա ճանապարհի ընտրության հարցը՝ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, սակայն միևնույն ժամանակ զարգացնում է հարաբերությունները նաև իր արտաքին քաղաքականության այլ վեկտորներով, մասնավորապես Եվրոպայի հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով