Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստան…

Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստանի տնտեսությանը որևէ վտանգ չի սպառնում
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի և Կառավարության ղեկավարի հետ ունի վստահելի հարաբերություններ։

«Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ։ Առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայում տրանսֆորմացիայի փուլում են։

«Ես նախկինում էլ ասել եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Եվ ես դա դրական տրանսֆորմացիա եմ համարում»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ նմանատիպ գործընթացներ նախկինում ևս եղել են, սակայն դրանք լուծվել են աշխատանքային կարգով։

«Մենք այդ նամակներից ստացել ենք մի քանի անգամ՝ վերջին ութ տարում։ Ես համոզված եմ, որ այս անգամ էլ լուծումներ կգտնենք»,- հայտարարել է նա։

ՀՀ վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն է տալիս հարցերը լուծել կառուցողական երկխոսության միջոցով։

«Ես միակ պաշտոնյան եմ, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և բարձրագույն խորհրդի անդամ եմ։ Ես ուզում եմ պատկերացնեք այդ լծակի մասշտաբը և այդ լծակին ընձեռնված հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը։

Նրա համոզմամբ՝ այդ հնարավորությունները թույլ կտան շարունակել համագործակցությունը և գտնել փոխընդունելի լուծումներ։

«Ես կարծում եմ, որ այս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել հարցերի լուծումները»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանի տնտեսությանը վտանգ չի սպառնում։

«ՀՀ տնտեսությանը ոչինչ չի սպառնում։ ՀՀ տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ»,- հայտարարել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով