1949 թ. հունիսի 8-ին լույս տեսավ Ջորջ Օրուելի «1984» վեպը։Այն անմիջապես մեծ իր…

📈 1949 թ. հունիսի 8-ին լույս տեսավ Ջորջ Օրուելի «1984» վեպը։
Այն անմիջապես մեծ իրարանցում առաջացրեց։ Միայն առաջին մի քանի ամսում վաճառվեց ավելի քան 22,000 օրինակ։ Իսկ մինչև 1989 թվականը «1984»-ն արդեն թարգմանվել էր ավելի քան 65 լեզվով։
👁 Ջորջ Օրուելի «1984» գիրք դարձավ մեր իրականության հայելին։ «1984»-ը ոչ միայն 20-րդ դարի ամենաազդեցիկ վեպերից մեկն է, այլև տագնապալի նախազգուշացում տոտալիտարիզմի վտանգների մասին։ 1949 թ. հրատարակված այս գործը դարձավ Օրուելի ստեղծագործական կյանքի գագաթնակետը։
📚 Սյուժեի կենտրոնում տոտալիտար հասարակությունն է, որտեղ իշխում է «Մեծ Եղբոր» պաշտամունքը։ Այստեղ պետությունը վերահսկում է ամեն ինչ՝ սկսած մարդկանց առօրյայից մինչև նրանց մտքերը։ Մշտական պատերազմներ, տոտալ վերահսկողություն և անհատականության լիակատար ճնշում․ սա է այն աշխարհը, որտեղ ապրում են հերոսները։
«1984»-ը համարվում է հակաուտոպիայի ժանրի «ոսկե քառյակի» մաս՝ Եվգենի Զամյատինի («Մենք»), Օլդոս Հաքսլիի («Չքնաղ նոր աշխարհ») և Ռեյ Բրեդբերիի («451 աստիճան ըստ Ֆարենհայթի») կողքին։
💡Օրուելն այս գրքով ստեղծեց մի լեզու, որն այսօր օգտագործվում է քաղաքական վերլուծություններում և առօրյայում․
🔹Մեծ Եղբայր (Big Brother)՝ համատարած հսկողության խորհրդանիշ։
🔹Երկմտանք (Doublethink)՝ միաժամանակ երկու հակադիր տեսակետների հավատալու ունակություն։
🔹Մտքի ոստիկանություն՝ մարդկանց անհնազանդ մտքերը պատժող մարմին։
🔹Նորալեզու (Newspeak)՝ լեզու, որը սեղմվում է՝ մտածողության հնարավորությունները սահմանափակելու համար։
🔹2 + 2 = 5՝ անհեթեթության և բացարձակ հնազանդության սիմվոլը։
🛠 Վեպի գաղափարը Օրուելի մոտ հասունացել էր դեռ 1943 թվականին։ Այն «Անասնաֆերմա» վիպակի գաղափարական շարունակությունն էր։ Գրքի նախնական վերնագրերն էին «Վերջին մարդը Եվրոպայում» կամ «Ողջերն ու մեռածները»։
Գիրքը գրվել է ծայրահեղ ծանր պայմաններում։ 1947-ին Օրուելի մոտ սրվեց տուբերկուլյոզը։ Բուժման կուրսից հետո նա մեկնեց Շոտլանդիայի հեռավոր Ջուրա կղզին՝ գիրքն ավարտելու համար։ Քանի որ ոչ մի մեքենագրուհի չհամաձայնեց գալ այդ հեռավոր կղզի, ծանր հիվանդ Օրուելը ստիպված եղավ ինքնուրույն վերամշակել և մեքենագրել ողջ ձեռագիրը։
Այսօր Օրուելի ստեղծած աշխարհն ավելի արդիական է, քան երբևէ։ Այն մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է պահպանել քննադատական մտածողությունը և ազատությունը։
Մաքուր Պատմություն📖

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով