Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը կարծում է, որ Հայաստանի Հանրապետութ…

🔴 Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ առավել հարուստ է, քան մի քանի տարի առաջ
Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ապագայում ավելի կծաղկեն։
Բելգիայի դեսպանն այդպիսի կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակն ու Հայաստան-Եվրոպական միություն ռազմավարական գործընկերության ապագայի հեռանկարները։
Դեսպանի բնորոշմամբ՝ Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսությունն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ 

«Մեր դեսպանությունը սկսել է գործել 2023 թվականի սեպտեմբերից, և ընդամենը մեկ ամիս առաջ մեր վարչապետ պարոն Բարտ դե Վևերն այստեղ էր՝ դեսպանության շենքի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար։ Եվ նրանից անմիջապես հետո մեզ այցելեց խորհրդարանի խոսնակ պարոն դե Ռովերը։ Այսպիսով, մենք ինտենսիվ երկխոսություն ունենք Հայաստանի և վերջինիս իշխանությունների հետ»,-շեշտել է Էրիկ Դե Մույնքը։

Անդրադառնալով հայկական ապրանքների՝  ռուսական շուկա ներմուծումների համար տնտեսական սահմանափակումների կիրառմանն ու այդ ֆոնին Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, այդ գործընթացում Բելգիայի դերակատարությանը՝ դեսպանն ընդգծել է, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Երևանի ու Բրյուսելի միջև երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

«Որպես դեսպանատուն՝ մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։ Օրինակ, վերջերս մենք Բելգիայում ընդունեցինք «Enterprise Armenia» ընկերության գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանին։ Նա հնարավորություն ունեցավ այցելել կիսահաղորդիչներին նվիրված համաժողովին և հանդիպել այդ ոլորտի բելգիացի  գործիչների հետ։

Մենք նաև ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանում տեխնոլոգիական բոլոր ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սնունդն ու խմիչքը։ Մենք աշխատում ենք Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի հետ՝ այդ կապերը հաստատելու և ապահովելու համար, որպեսզի կարողանանք ամրապնդել երկկողմ գործարար կապեր Բելգիայի և Հայաստանի միջև»,-նշել է դեսպան Դե Մույնքը։

Կիսվելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարների շուրջ իր մոտեցումներով՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ ավելի հարուստ և ընդգրկուն է, քան մի քանի տարի առաջ։

«Երբ ես եկա Հայաստան, Բելգիայի դեսպանատունը 14-րդ եվրոպական դեսպանատունն էր, որը բացվեց այստեղ՝ Երևանում։ Այդ ժամանակից ի վեր, կարծում եմ, որ մենք բացել ենք ևս երկու կամ երեք դեսպանատներ։ Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական օրակարգն ավելի հարուստ է, քան երեք տարի առաջ, և ես տեսնում եմ դրա ծաղկումն ապագայում, ես տեսնում եմ, որ Հայաստանի և Եվրամիության ապագան շատ պայծառ է»,-եզրափակել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով