Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հե…

Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսություններով զբաղվող շահառուների համար։
Նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը, նշեց, որ նախագծի քննարկումը պայմանավորված է Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար  «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով տնտեսվարողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությամբ։
Նախարարը նշեց, որ Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր, և 91,5 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34,5 հեկտարը արդեն հիմնվել է և այս տարի արտադրանք է թողարկել։
«Եթե մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանք է արտադրել ու վաճառել, նախագծով առաջարկվում է վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամսով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի, տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար»,-ասաց Պապոյանը։
 
Նա պարզաբանեց, որ խոսքն այն ջերմատների մասին է, որոնց համար արտոնյալ ժամկետն, ըստ էության, ավարտվել է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով