Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, կողմ է քվեարկել Ռումինիայի և Մոլդովայի միավորման վերաբերյալ «S.O.S. Romania» կուսակցության օրինագծին։ Այդ մասին նշվում է այդ երկրի խորհրդարանի պաշտոնական կայք էջում։
Ինչպես նշում են ռումինական լրատվամիջոցները, օրինագծի նկատմամբ գործարկվել է, այսպես կոչված, «լուռ ընդունման» գործընթացը։ Այն ենթադրում է, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք 45 օրվա ընթացքում չեն քննարկվել և չեն մերժվել խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, ավտոմատաբար համարվում են ընդունված։
«Ռումինիայի խորհրդարանը որոշում է կայացնում Մոլդովայի Հանրապետության հետ միավորվելու մասին։
Ռումինիայի խորհրդարանը լիազորում է երկրի կառավարությանը անհապաղ, շտապ կարգով բանակցություններ սկսել Քիշնևի իշխանությունների հետ՝ Մոլդովայի Հանրապետության հետ միավորումը վերջնական ձևակերպելու նպատակով»
,- ասված է փաստաթղթի երկրորդ և երրորդ հոդվածներում։ Հիմա այս օրինագիծը կներկայացվի Սենատի քննարկմանը։
❗️Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 2026 թվականի հունվարին բացահայտ հայտարարել էր Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման օգտին։
«Եթե մենք հանրաքվե կազմակերպենք, ապա ես կքվեարկեմ Ռումինիայի հետ միավորվելու օգտին»
,- բրիտանական The Rest is Politics փոդքասթին տված հարցազրույցում ընդգծել էր նա:
🗣 Սանդուն բազմիցս մեղադրել է Մոսկվային Մոլդովայի ներքաղաքական գործերին միջամտելու փորձերի համար։
«Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Փոքր երկրի համար, ինչպիսին Մոլդովան է, գնալով ավելի դժվար է դառնում գոյատևել որպես ժողովրդավարություն, որպես ինքնիշխան պետություն և, իհարկե, դիմակայել Ռուսաստանին»
,- նույն փոդքասթի ժամանակ նշել էր նա։
Թողնել պատասխան