Տնտեսական և ֆինանսական վերլուծություններով հայտնի Բրյունո Կոլմանը վերջերս այցելե…

Տնտեսական և ֆինանսական վերլուծություններով հայտնի Բրյունո Կոլմանը վերջերս այցելել էր Հայաստան՝ Հայաստան-Բելգիա առևտրի պալատի (BACC) նախաձեռնությամբ։ Այդ այցը հնարավորություն տվեց նրան բացահայտելու մի երկիր, որի պատմության և ժամանակակից իրողությունների մասին մինչ այդ համեմատաբար սահմանափակ պատկերացում ուներ։
Վերադառնալով Բելգիա՝ Բրյուսելի ֆոնդային բորսայի նախկին գործադիր տնօրենը, համալսարանական դասախոսն ու բելգիական տնտեսական մտքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը հրապարակեց մեծ արձագանք գտած իր հոդվածը՝ «Հայաստան․ սահմանային երկրի ուժը» խորագրով, որտեղ խոսում է հայ ժողովրդի դիմացկունության, պատմական փորձառության և ազգային ինքնության խորության մասին։
Սակայն ֆինանսական, դրամավարկային և աշխարհաքաղաքական թեմաներից անդին, որոնցով նա հայտնի է, «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակիցը ցանկացավ զրույցը շարունակել ավելի անձնական հարթությունում։ Այս հարցազրույցում Բրյունո Կոլմանը պատմում է իր այցելության ընթացքում ապրած զգացումների, իրեն տպավորած հանդիպումների, հայկական հոգևոր ժառանգության բացահայտման, ինչպես նաև այն մարդկային դասերի մասին, որոնք քաղել է մի երկրից, որը նա բնութագրում է որպես «ռոմանտիկ»՝ բառի ամենախորը և ազնիվ իմաստով։
Գեղարդի վանքի այցելությունից մինչև պատմության փորձություններով կոփված ժողովրդի դիմադրողականության շուրջ իր մտորումները Բրյունո Կոլմանը ներկայացնում է Հայաստանի վերաբերյալ անկեղծ և երբեմն ինքնաքննադատական հայացքի ներքո. փորձառություն, որը նրան հասցրել է մի պարզ, բայց կարևոր եզրակացության՝ «Հայաստանն ինձ սովորեցրեց երջանիկ լինելու հրատապությունը»։
— Մինչև Հայաստան մեկնելը ի՞նչ պատկերացում ունեիք երկրի մասին։ Ունեի՞ք որոշակի սպասումներ, թե՞ հակառակը՝ գրեթե ոչ մի կանխակալ պատկերացում։

— Չէի կարող ասել, որ շատ կանխակալ պատկերացումներ ունեի։ Իհարկե, Բելգիայում ճանաչում եմ հայերի, սակայն հենց Հայաստանի մասին իմ գիտելիքները բավական սահմանափակ էին։ Ուստի, մինչև մեկնելը փորձեցի տեղեկանալ, շատ նյութեր կարդացի, բայց պետք է խոստովանեմ, որ գրեթե պատկերացում չունեի Հայաստանի պատմության մասին։ Նույնիսկ դժվարությամբ կկարողանայի այն ճշգրիտ տեղադրել քարտեզի վրա։
Այս ճանապարհորդությունն ինձ հնարավորություն տվեց շատ բան սովորելու, և ես չափազանց տպավորվեցի այդ երկրից՝ գրեթե ռոմանտիկ իմաստով։
Մյուս կարևոր բացահայտումն այն էր, որ սկսեցի այլ կերպ ընկալել մեր՝ եվրոպացիներիս հարմարավետ իրականությունը։ Մենք Բելգիայում մեծացել ենք տարածքային, ինստիտուցիոնալ և պատմական կայունության պայմաններում, ինչը մեզ որոշ չափով հեռացրել է աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցող ցնցումներից ու փորձություններից։ Խորհրդային Միության փլուզումը մենք դիտել ենք հեռվից, Չինաստանի բացվելը՝ նույնպես հեռվից, ինչպես նաև՝ բազմաթիվ հակամարտություններն ու աշխարհաքաղաքական փոփոխությունները։
Հայաստանում ընդամենը մի քանի օր անցկացնելը բավական էր հասկանալու համար, որ աշխարհի որոշ հատվածներում անկայունությունը, փոփոխություններն ու անորոշությունը առօրյայի անբաժանելի մասն են։ Դա ինձ համար և՛ մտավոր առումով խիստ խթանող էր, և՛ խորապես հուզիչ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով