Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի…

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի, մատուցվել է 8 միլիոն 399 հազար 491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 միլիարդ դրամ։
Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա  խոսքով՝ հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլն անցել է սահուն, և ներկայում համակարգի շահառուների թիվը հասել է շուրջ 1 միլիոն 700 հազարի։
Նախարարը նշեց, որ  առանց խնդիրների է ընթացել նաև բժշկական կենտրոնների՝ համակարգին միանալու գործընթացը, իսկ շահառուների թվի աճը պայմանավորեց մի քանի գործոններով։

«Ավելացել է Հայաստանում 183 օր բնակված և ռեզիդենտի կարգավիճակ ստացած անձանց թիվը, որոնք ավտոմատ ընդգրկվում են համակարգում։ Միաժամանակ աճել է նաև ամսական 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող աշխատողների թիվը»,-ասաց նա։

Նախարարը նշեց նաև, որ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայությունների վարորդները, ինչպես նաև բոլոր գրանցված աշխատողները՝ անկախ աշխատավարձի չափից։

«Բացի այդ, առաջիկա բյուջետային քննարկումների ընթացքում նախատեսվում է դիտարկել շահառուների նոր խմբերի ընդգրկման հարցը»,-ընդգծեց Ավանեսյանը՝ հավելելով, որ  2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգում ներառել արդեն բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ուսանողներին և այլ խմբերի։  
«Նպատակն է առողջության համընդհանուր ապահովագրությամբ ընդգրկել շուրջ 3 միլիոն բնակչի, իսկ նույն ժամանակահատվածից պետական պատվերի ծրագիրը հիմնականում կդադարեցվի՝ ամբողջությամբ անցում կատարելով նոր համակարգին»,-նշեց նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով