Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումը …

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումը էապես կընդլայնի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերը և կնպաստի Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապի ձևավորմանը։
Հուլիսի 9-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե Իրանը մտահոգություններ ունի ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված, նշել է որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը բխում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։
««ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը, ինչի արդյունքում Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն կընդլայնվեն։ Էականորեն կընդլայնվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները։ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է այդ թեմայով Իրանի հետ բաց և թափանցիկ քննարկումների։
 «Մենք թափանցիկ ենք և պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի։ Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է։ Համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները հնարավոր կլինի փարատել»,- ընդգծել է նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել ԹՐԻՓՓ նախագծի շուրջ բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։
«Մենք շարունակելու ենք աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ, որովհետև սա գլոբալ նախագիծ է, և մենք ցանկանում ենք հնարավորինս արագ սկսել դրա իրականացումը։ Հույս ունեմ, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կմեկնարկեն առաջին աշխատանքները»,- հավելել է Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով