Նախագիծը հուլիսի 9–ի Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի մարտին Կառավարության որոշմամբ ծրագիրը զգալիորեն ընդլայնվել էր։ Գործող 2400 քվոտաներին ավելացվել էր 1420 քվոտա, ինչի արդյունքում ծրագրով նախատեսված քվոտաների ընդհանուր թիվը հասել է 3820-ի։
«2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել արդեն 3222 ընտանիք, որոնցից 2695-ն արդեն վարկավորվել են, իսկ 356-ը ներկայացրել են կառուցապատման ավարտական ակտ»,- ասաց Սմբատյանը։
Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ այս փուլում առաջարկվում է երկու բովանդակային փոփոխություն, որոնք բխել են ծրագրից օգտվելու ընթացքում քաղաքացիների մոտ առաջացած դժվարություններից։
Առաջին փոփոխությունը վերաբերում է այն շահառուներին, որոնք ունեն գործող ժամկետանց վարկային պարտավորություններ, և օրենքի պահանջով նրանց գույքի ու եկամուտների նկատմամբ կարող է բռնագանձում կիրառվել։
Այդ դեպքում խնդիր է առաջանում, երբ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկի գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին, քանի որ այն կարող է ենթակա լինել բռնագանձման։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։
«Այս կարգավորմամբ ժամկետանց վարկային պարտավորություն ունեցող շահառուների շրջանում կառուցված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու հետ կապված խնդիրները կլուծվեն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցած շահառուներին։ Եթե քաղաքացին ծրագրին դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ և այդ պատճառով չի բավարարում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, ապա առաջարկվում է հաշվառված լինելու հանգամանքը ստուգել ոչ թե ծառայության ժամանակահատվածի, այլ զորակոչվելուց առաջ նախորդ մեկ տարվա համար։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թողնել պատասխան