Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրա…

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
Շնորհավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան՝ շեշտելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբերում և պատրաստ է շարունակաբար նպաստել կազմակերպության առաջնահերթությունների արդյունավետ իրագործմանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևի նախաձեռնման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը խաղաղության մշակույթի ամրապնդման և կրթության դերի միջազգային ճանաչման տեսանկյունից։ Իր հերթին Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի միջազգային հարթակներում կրթության դերի կարևորումը՝ որպես խաղաղության, փոխըմբռնման և կայուն զարգացման հաստատման հիմնարար գործոն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով