Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փո…

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 13-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։

«Ամենատաք գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 13-15-ին ստվերում, ցերեկային ժամերին, կանխատեսվում է 36-38 աստիճան տաքություն։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան այդ տաք օդային հոսանքներն աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ՝ իրենց տեղը զիջելով Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, հուլիսի 15-ի հետ համեմատ, Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 4-5 աստիճանով»,- ասել է նա։

Սուրենյանը նշել է, որ մինչև հուլիսի 14-ը Հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան և հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում գիշերը և երեկոյան Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղ-տեղ նաև կարկուտ։

«Հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, ուշ երեկոյան ժամերին, ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաև Երևան քաղաքի առանձին հատվածներում»,- հավելել է նա։

Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ

ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով