Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների հ…

🇦🇲🇪🇺 Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. իրատեսական ժամկետներ և ընթացակարգեր
Հայաստան իր վերջին այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ ռուսական պատժամիջոցները մեղմելու և Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ն կկիրառի ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures -ATMs) և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը կազատի մաքսատուրքերից։

«[Եվրոպական- խմբ.] շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»

,- ասաց ԵՀ նախագահը։
Իրատեսական ժամկետների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են ԵՄ-ում սովորաբար ընդունվում նման օրենքներն ու որոշումները։
Եվրոպական Միության պաշտոնական փաստաթղթերի EUR-Lex հարթակում տեսնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է հուլիսի 2-ին։ Այս առաջարկը պետք է անցնի ԵՄ սովորական օրենսդրական ընթացակարգով (Ordinary Legislative Procedure — OLP)։
💡Որպեսզի այս նախաձեռնությունը դառնա պաշտոնական օրենք, պետք է քննարկվի, անցնի բանավեճերի փուլ և հաստատվի երկու առանձին մարմինների կողմից՝ Եվրոպական խորհրդարանի (European Parliament), որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և Եվրոպական խորհրդի (European Council), որը պատասխանատու է ԵՄ որոշումների կատարման և օրենսդրական առաջարկների համար։
Օրենսդրական առաջարկը արդեն փոխանցվել է Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովին (INTA), որը երեկ՝ հուլիսի 14-ին առաջին անգամ քննարկեց այն։ Ի դեպ, քննարկմանը մասնակցում էր նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
Սովորաբար, այս հանձնաժողովը ամիսներ շարունակ քննարկում է առաջարկված նախաձեռնության տեքստը, դրա անդամները առաջարկում են լրամշակումներ, ինչից հետո օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվում է Եվրախորհրդարան՝ լիագումար նիստում վերջնական քվեարկության։
❗️ԵՄ ստանդարտ օրենքի ընդունումը կարող է տևել մեկ տարի և ավելի։
❗️Եթե արագացված ընթացակարգով հարցի քննարկումը հարթ անցնի՝ առանց քաղաքական խոչընդոտների, Հայաստանի հանդեպ ինքնավար առևտրային միջոցների կիրառումը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը 2026-ի աշնանը։
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով