Ամերիկյան էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) առաջատար ընկերություններից C…

Ամերիկյան էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) առաջատար ընկերություններից Cadence Design Systems-ը, Ausdia Inc. ընկերության ձեռքբերումից հետո, ինժեներական ներկայություն է ձևավորել Հայաստանում՝ ևս մեկ կարևոր քայլ կատարելով երկրի կիսահաղորդիչների ոլորտի զարգացման ուղղությամբ։
Այս մասին «LinkedIn» սոցիալական ցանցում արված գրառման միջոցով հայտնել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ Cadence-ի մուտքը հայկական շուկա ևս մեկ անգամ վկայում է համաշխարհային կիսահաղորդիչների արդյունաբերությունում Հայաստանի աճող դերակատարության մասին։

«Այսօր Հայաստանում գործում են ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ինժեներական թիմեր կամ խոշոր ստորաբաժանումներ, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, Cadence, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (NI), Broadcom և Cisco։ Միաժամանակ, միջազգային խոշոր ընկերությունների կողքին կարևոր դեր ունեն նաև հայկական տեխնոլոգիական ընկերությունները՝ Grovf-ը, Inttegral Solutions-ը և Varaga Solutions LLC-ն, որոնք զարգացնում են տեղական ինժեներական կարողությունները, խթանում նորարարությունը և նպաստում տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը»,-գրել է Արշակյանը։

Վերջինիս խոսքով՝ շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար համաշխարհային կիսահաղորդիչների ոլորտի այսպիսի առաջատար ընկերությունների ներկայացվածությունը նշանակալի ձեռքբերում է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով