«Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք է ներմուծվում ավիոկերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։
Հարկային իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն: Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում իրացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։
Այս ինը կազմակերպությունից երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան