Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացի…

Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացին կալանավորվել է
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Օրեր առաջ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատունը հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով վնասվել էին վեց գերեզման և մեկ աղբյուր։

Վանդալիզմի դեպքի կապակցությամբ Կ․ Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել էր այս հարձակումը և ահազանգել ոստիկանություն, ինչից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր այս գործով հետաքննություն սկսելու մասին։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ էր ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա բերման էր ենթարկվել 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։

Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Սակայն նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը»,– նշված է կայքի հրապարակման մեջ։

Ըստ նույն հրապարակման՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը, Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա հարձակման դեպքից հետո, Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։
Առաջարկի նպատակն է ուսումնասիրել հայկական և մյուս քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով