Ասիական զարգացման բանկի առաջնահերթությունն է աջակցել Հայաստանին ավելի դիմակայուն…

Ասիական զարգացման բանկի առաջնահերթությունն է աջակցել Հայաստանին ավելի դիմակայուն, ներառական և կայուն տնտեսություն կառուցելու գործում՝ Կառավարության ձևավորվող զարգացման օրակարգին և Ասիական զարգացման բանկի՝ 2026-2030 թվականների երկրի գործընկերության ռազմավարությանը համապատասխան։
ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որում ներկայացրել է Հայաստանի մասին իր տպավորությունները, անդրադարձել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներդրումներին և առաջնահերթություններին։
-Տիկին Սաբիրովա, շնորհավորում ենք ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնում ձեր գործունեության առաջին 100 օրվա կապակցությամբ։ Կպատմե՞ք մի փոքր ձեր մասին և կկիսվե՞ք Հայաստանի մասին Ձեր առաջին տպավորություններով։
Շատ շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնավարել որպես ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն։ ԱԶԲ-ին միացել եմ 2000 թվականին և տարիների ընթացքում աշխատել եմ Արևելյան և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Վերջին շրջանում ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչությունում զբաղեցրել եմ Տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաժնի ղեկավարի պաշտոնը, որտեղ իմ աշխատանքը կենտրոնացած էր տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կապակցվածության և ինտեգրման, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ռազմավարական աշխատանքի վրա։
Հայաստանն ինձ համար նոր երկիր չէ։ ԱԶԲ-ում մասնագիտական գործունեությանս վաղ շրջանում պատիվ եմ ունեցել սերտորեն աշխատելու Հայաստանի հետ, այդ թվում՝ ղեկավարելով ԱԶԲ-Հայաստան 2014-2018 թվականների երկրի առաջին գործընկերության ռազմավարության մշակումը։ Այդ փորձն ինձ օգնեց խորապես հասկանալ Հայաստանի զարգացման ձգտումներն ու ներուժը։ Ուստի հատկապես կարևոր է այժմ վերադառնալ նոր պաշտոնով և տեսնել, թե որքան մեծ առաջընթաց է գրանցել երկիրը։
Առաջին 100 օրվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել վերստին ծանոթանալու Հայաստանին ոչ միայն հանդիպումների միջոցով, այլև շրջելով երկրով, այցելելով ծրագրերի իրականացման վայրեր և զրուցելով մարդկանց հետ, որոնց կյանքի վրա անմիջական ազդեցություն ունի զարգացմանն ուղղված աշխատանքը։ Ինձ տպավորել են ոչ միայն Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը, որոնք խորապես ոգեշնչող են, այլև երկրի եռանդը, դիմակայունությունը և ավելի ուժեղ, մրցունակ ու ավելի սերտորեն կապակցված տնտեսություն կառուցելու ձգտումը։
Գործընկերներիս հետ այցելել եմ ԱԶԲ աջակցությունը ստացած դպրոցներ, որոնք երեխաների համար ապահովում են ուսումնական ավելի անվտանգ միջավայր, անցել եմ կապակցվածությունը բարելավող տրանսպորտային երթուղիներով և հանդիպել ընտանիքների, որոնց բնակարանային պայմանները բարելավվում են ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների շնորհիվ։ Հանդիպել եմ նաև տեղացի մի ձեռնարկատիրոջ, որը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումից հետո բիզնես է հիմնել և այժմ օգտվում է դրա շնորհիվ բարելավված տրանսպորտային հասանելիությունից ու ստեղծված տնտեսական նոր հնարավորություններից։ Նաև անձամբ եմ տեսել, թե ԱԶԲ-ն ինչպես է աշխատում տեղական ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը և օգնելու ձեռնարկություններին աճել ու աշխատատեղեր ստեղծել։ Նման պահերը երկար են մնում հիշողության մեջ։ Դրանք հիշեցնում են, որ զարգացումը չի սահմանափակվում ծրագրերով, ճանապարհներով կամ ֆինանսավորմամբ։ Դրա առանցքում մարդիկ են, նրանց ընտրությունները և այն հնարավորությունները, որոնց շնորհիվ նրանք կարող են ավելի լավ ապագա կառուցել իրենց ու իրենց ընտանիքների համար։
Մեծ բախտավորություն է նաև միանալ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության ուժեղ և նվիրված թիմին, որը խորապես հանձնառու է աջակցելու երկրի զարգացմանը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով