Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդ…

Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։
Անդրադառնալով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը՝ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։

«Շատ տարիներ մենք դիվանագիտական ​​հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո գիտակցվել է Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը», — նշել է Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։

Նա ընդգծել է, որ պատմականորեն կովկասյան տարածաշրջանի և Պակիստանի միջև կա հսկայական կապ։

«Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի միջև»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ Պակիստանում կա զգալի թվով հայ բնակչություն։

«Քչերը գիտեն, բայց երկրի ամենաբարձր ռազմական պարգևատրվածներից մեկը հայկական ծագում ունեցող պակիստանցի զինվոր է եղել։ Ես նաև եղել եմ Դուբայում։ Այնտեղ բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել հայերի և պակիստանցիների միջև։ Սա նպաստում է մարդկանց միջև շփումներին, առևտրի  և մշակույթի զարգացմանը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ», — նշեց դիվանագետը։

Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին պատմել է, որ դեռ մանկուց երազել է Կովկասի պատմության մասին գրքեր կարդալ։

«Ես պատիվ եմ ունեցել այցելելու այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ: Մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ, և Հայաստանը դրա շատ կարևոր մասն է: Ես տեսնում եմ, թե ինչպես են ներկայում զարգանում մարդկանց միջև շփումները և գործարար կապերը Հայաստանի և Պակիստանի միջև», — եզրափակեց նա:

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2025 թվականի օգոստոսի 31-ին։ 2026 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան (Կարեն Գրիգորյանը նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանն է, նստավայրը՝ Աբու Դաբի)։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով