Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հ…

Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հայաստան եղել և նրա տարածքում այլ պետություններ են եղել։ Ավելին, ՔՊ-ականները մեզ զգուշացնում են․ եթե հիշենք մեր պատմական հայրենիքը, ապա հարևաններն էլ կարող են հիշել հայկական այն տարածքները, որոնք պատմական ինչ-որ ժամանակաշրջանում պատկանել են իրենց։
Մի պահ մոռանանք, որ սա անհեթեթ պրոպագանդիստական խոսակցություն է և հարցը վերաձևակերպենք․ Արդյոք Հայաստանը նվաճած օտար տիրակալները տեղյակ էին, որ այս աշխարհագրական տարածքը (Մեծ Հայք) Հայաստան է կոչվում։ Բյուզանդացիները, արաբները, սելջուկները, խաչակիրները, մոնղոլները, աղ-կոյունլուները, Լենկթեմուրը, օսմանները, սեֆյանները արդյոք ինչ-որ մի բան գիտեին Հայաստանի մասին։ Վստահաբար՝ այո։ Առնվազն մինչև Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև ընթացող պատերազմները և 1555 թ․ ու 1639 թ․ երկու բաժանումները, աշխարհագրական այդ պարզ գիտելիքը կրթված մարդկանց ու քաղաքական վերնախավերի համար ավելի քան հասանելի էր ու տիրապետող։ Բնականաբար հետագա դարերի ընթացքում (մինչև 19 -րդ դար) Հայաստան հասկացությունը որոշակիորեն տարրալուծվել է մուսուլմանական բռնի և ամենակուլ ամբողջության մեջ։ Տարրալուծվել է, բայց մոռացության չի մատնվել։
Այսինքն, Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը ինքնահռչակ, արհեստական աշխարհագրական հասկացություններ չեն, այլ համընդհանուր գիտական փաստ, որը ապացուցվում է բոլոր հնարավոր աղբյուրներով՝ Հերոդոտոսից մինչև Հաֆիզ-ի Աբրու, Քսենոֆոնից մինչև ուշ շրջանի եվրոպական ճանապարհորդներ։
Սա գրում եմ նրա համար, որ մարդիկ հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հայերը օդից պատահաբար ցած իջած արտասովոր արարածներ չեն, որոնք, տառապելով մոլեռանդ անցյալախտով, անընդհատ հիշում են պատմական հայրենիքը։ Պատմական այս հիշողությունը շատ տրամաբանական է ու ռացիոնալ։ Զարմանալի կլիներ, եթե հայերը չհիշեին իրենց պատմական հայրենիքը։
Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք․ երբ ասում ենք պատմական հայրենիք, ապա չենք կարող մեկ ամբողջական աշխարհագրական միավոր նկատի ունենալ։ Շատ հայերի համար պատմական հայրենիք հասկացությունը կարող է դուրս լինել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական սահմաններից։ Օրինակ Կիլիկիան, որտեղ 300 տարի հայկական պետություն է եղել, Պոնտոսն ու Կապադովկիան, Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները և նույնիսկ Ղրիմը։ Սա շատ նորմալ է, քանի որ հայերն էլ կազմված են տարատեսակ մշակութային և սոցիալական հանրույթներից, որոնք նույնը չեն։
Արդի Հայաստանի Հանրապետությունը չի կարող այս հիշողությունից և տեղեկությունից կտրված լինել։ Պարզապես հնարավոր չի։ Այլ խնդիր է, որ պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել։ Եվ չի էլ դարձվել։ Առաջին անգամ անթույլատրելի այդ կարմիր գիծը հատել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարերելով, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Դրանից առաջ Գյումրիում մի միջոցառման ժամանակ ՔՊ-ականները ծաղրանքով Արցախի նախագահ Բաքո Սահակյանին մարզպետ էին անվանում։ Նիկոլ Փաշինյանն է առաջին հայ ղեկավարը, որը խոսել է Սևրի պայմանագրի արդիականության մասին։
Իրենք պատմական հիշողությունը և դրա վրա խարսխված ոչմիթիզականությունը քաղաքականություն են դարձրել, պատերազմ հրահրել, պարտվել, ջախջախվել և Արցախը ամբողջությամբ հայաթափել, իսկ հիմա էլ ՀՀ քարտեզը կրծքներին փակցրած հայ ժողովրդի գլխին իրական Հայաստանի մասին «ավետարան» են կարդում։ Այդ նույն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում հայհոյում էին Սերժ Սարգսյանին 400 հեկտար կորցնելու և վարչատարածքային բաժանումով Սյունիքից արևելք ընկած տարածքը Ադրբեջան նշելու համար։ Ո՞վ են այս մարդիկ։
Կարպիս Փաշոյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով