Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագա…

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է քննարկել իր թեկնածության քվեարկությունն ազատ թողնելու հնարավորությունը։
Գաբրիելյանն այս մասին ասել է Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներին։
Նա ենթադրել է, որ ընդդիմադիր խմբակցությունները կարող են քաղաքական որոշում ունենալ իր թեկնածությանը կողմ չքվեարկելու վերաբերյալ, սակայն նշել է, որ նրանց շարքերում կարող են լինել պատգամավորներ, որոնք անձնապես կցանկանան աջակցել իր թեկնածությանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր լրացուցիչ կողմ ձայն իր համար ոչ թե լեգիտիմության ավելացման կամ նվազեցման հարց է, այլ հավելյալ պարտավորություն՝ աշխատանքն առավել արդյունավետ կատարելու համար։
Գաբրիելյանը նաև ներկայացրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ընդդիմության հետ աշխատանքի իր պատկերացումը։ Նա ընդգծել է, որ մտադիր չէ ընդդիմության բարձրացրած խնդիրներին պատասխանել՝ հիշեցնելով նախկին իշխանությունների ժամանակահատվածը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր պատգամավորներից նույնպես ակնկալելու է ներկայացնել խնդիրների լուծման առաջարկներ և մասնակցել դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքին։
Գաբրիելյանի խոսքով՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի առավել խորքային հարցերի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն արդեն հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով