Երևանում վերականգնվում է Հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող, երկար …

Երևանում վերականգնվում է Հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող, երկար տարիներ չգործող ճանապարհը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով այն կանվանվի COP17-ի փողոց։
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փողոցն այդպես կանվանվի՝ ի նշանավորումն այդ  կարևոր միջոցառման, որն անցկացվելու է Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 13-30-ը։
 «Երևանի «Մերիդիան» կենտրոնի  հատվածը նոր շունչ է ստանում։ COP-17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը երկար տարիներ չի գործում։ Կազմակերպչական աշխատանքների արդյունքում Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես այդ միջոցառման նշանավորում»,- ասաց Փաշինյանը։  
Նրա խոսքով՝ տարածքում վերականգնվում են նաև ենթակառուցվածքները, ճանապարհներն ու մայթերը, որոնք Կարմիր կամրջի հետ միասին կարևոր հատված են կազմում։  
«Երևանի պատմամշակութային ևս մեկ կլաստեր է ավելանում»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը COP17-ի անցկացումը կարևորեց նաև Հայաստանի միջազգային դերակատարման տեսանկյունից։
«COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը շատ կարևոր է մեզ համար։ Սա նաև շատ լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք Հայաստանի միջազգային տեսանելիությունն ու ճանաչելիությունը բարձրացնել»,- նշեց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով