«Միջանցքդ սոցիոլոգիայով կտրեմ» կամ խոսում են փաստերը Երեկ հրապարակայնորեն հայտար…

«Միջանցքդ սոցիոլոգիայով կտրեմ» կամ խոսում են փաստերը
Երեկ հրապարակայնորեն հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստանը» չունի հակամիջանցքային դիրքորոշում, ավելին՝ միջանցքը համարում է ճանապարհ։ Սա տեսանելի էր մասնագիտական դիտանկյունից նաև մինչ այս, բայց հրապարակային խոստովանությունը պահանջում է լույս սփռել որոշ կարևոր երևույթների վրա։
Հաշվի առնելով, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական տարում հանդես է եկել որպես հակաիշխանական ընդհանրական պայքարի դրոշն ստանձնած կուսակցություն՝ նախ դիտարկենք, թե ինչպես են նրանց ընտրողները վերաբերվում «Թրիփ» կոչված միջանցքին։ Այսպես՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց միայն 2.5%-ն է դրական գնահատել «Թրիփ» նախագիծը, մինչդեռ 47.5% այն բացասական է գնահատել։ Տվյալները վերցված են «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ (2026 թ․ ձմեռ)» սոցիոլոգիական հետազոտությունից (ավելի մանրամասն՝ նկարի մեջ)։ Սա նշանակում է մի բան, որ երևի թե առանց սոցիոլոգիայի էլ էր պարզ, այն է՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրազանգվածը հակաթրիփային է, իսկ կուսակցական ղեկավարությունը, ինչպես տեսանք, հակառակը։
Ցավոք, խնդիրն ավելի խորն է, քան միջանցքի թեմայով արված մեկ հայտարարությունը։ Խնդիրը քաղաքական պատասխանատվությունն ու հետևողականությունն են։ Խնդիրը, եթե կուզեք, այն է, որ քաղաքական ուժը չի կարող ուրբաթ օրը՝ Վեհափառի դեմ շինծու դատական հետապնդման ժամանակ, ժողովրդահաճո լայքաբեր հայտարարություն անել, որ «դատավորը հայ էր»՝ փաստացի խաղարկելով այն խոսույթը, որ հակաեկեղեցական կեցվածք ունեցողները «ներքին թուրք են», իսկ դրանից հինգ օր անց՝ չորեքշաբթի, առաջ տանել նույն այդ «ներքին թուրքի» թեզը, թե իբր միջանցքը միջանցք չէ, այլ ճանապարհ։
Նման քաղաքական վարքն ուղիղ ճանապարհ է դեպի մետաֆիզիկական ինվերսիա, երբ հրեշի դեմ պայքարողն ինքն է որդեգրում հրեշի խառնվածքը։ Այդ ճանապարհով է անցել ՀՀՇ-ն, որ, արցախյան շարժման ալիքի վրա իշխանության գալով, սկսեց «Ղարաբաղյան կնճռից» օր առաջ ձերբազատվելու ուղիներ որոնել։ Այդ ճանապարհով է անցել ՔՊ-ն, որ 2021 թ․-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի խաղաղ դեօկուպացիա, իսկ ընտրվելուց հետո Արցախի մնացած հատվածն էլ հանձնեց։
Ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ ՔՊ-ն քաղաքական պատասխանատվություն չեն կրել խոսքի ու գործի միջև այդպիսի ահռելի անդունդ փորելու համար, դրա համար այդ ճանապարհը գայթակղիչ կարող է թվալ նույնիսկ իրենց ՔՊ-ի քաղաքական հակառակորդ հռչակածների համար։

«Բայց պետք չի»,- ինչպես կասեր մի լեգենդար աբովյանցի երիտասարդ։ Հայոց ազգային-ազատագրական պայքարի դրոշը մեր նախորդ սերունդների, ապրողներիս և դեռ ծնվելիք սերունդների ազգային իղձերի մարմնավորումն է, որ հատուկ հոգածություն է պահանջում։ Այն չի կարող տնօրինվել որպես էժանով ձեռք բերված բաժնետիրական ակտիվ…
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով