Category: Elbakyan’s diary

  • 100 տարի առաջ այս օրը՝ 1926 թ․ հոկտեմբերի 22-ին, երկրաշարժը ցնցեց Լենինական քաղա…

    100 տարի առաջ այս օրը՝ 1926 թ․ հոկտեմբերի 22-ին, երկրաշարժը ցնցեց Լենինական քաղաքը։ Այդ դեպքերին է նվիրված մի երգ («Հարուստները պոյեզ/ֆայտոն նստան, Թիֆլիս գնացին»), որ այսօր կիսատ-պռատ երգվում է՝ խառնված լրիվ այլ երգի հետ («Բաց վագոնով Սիբիր են տանում»)։
    Հայտնի է, որ երկրաշարժը լուրջ ավերածություններ է պատճառել: Այն հաստատեց նոր, հակասեյս­միկ շինարարական մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: Երկրաշարժից հետո հանրապետությունում հայտարարվեց հակասեյսմիկ կառույցների իրականացման համար նախագծերի, կոնստրուկցիաների և հաշվարկների մրցույթ: Շինարարական կոնստրուկցիաների կատարելագործման, բետոնի և երկաթբետոնի կիրառման շնոր­հիվ՝ հնարավոր դարձավ կառուցել երկու հարկը գերազանցող տներ:
    Այնուամենայնիվ, շենքերի որոշ կոնստրուկցիաների, այդ թվում՝ միջհարկային ծածկերի համար դեռևս երկար ժամանակ (մինչև 50-ական թվականները) կիրառվեց փայտը: 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով՝ Լենինականի կրած մեծ կորուստները ստիպում են մտածել, որ 1926 թ. երկրաշարժի հետևանքների հաղթահարման շրջանում եղել են գիտաբանական և կիրառական թերացումներ:
    https://agdamsdiary.livejournal.com/2770.html
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    1926թ. երկրաշարժը Լենինականում

    Հնուց ի վեր ժողովրդական բանահյուսության նմուշները, այդ թվում՝ երաժշտական ստեղծագործությունները, կարևոր աղբյուր են եղել ժամանակաշրջանի տրամադրություններն ու հոգեբանությունը հասկանալու, առանձին դրվագներ յուրովի պարզաբանելու համար: Այս երգը գրվել է 1926թ. հոկտեմբերի…

  • Սրանից 10 տարի առաջ կյանքի պայմաններից դժգոհ մի ադրբեջանուհի, հարցազրույց տալով,…

    Սրանից 10 տարի առաջ կյանքի պայմաններից դժգոհ մի ադրբեջանուհի, հարցազրույց տալով, բողոքում էր․ «bizə park lazımdır, yoxsa iş yeri» («մեզ զբոսայգի՞ է պետք, թե՞ աշխատատեղ»)՝ ակնարկելով Ալիևի ռեժիմի աչքակապությունները և շուկայատեղի քանդելով՝ զբոսայգի կառուցելը։
    Պետք է խոստովանել, որ Իլհամի աչքակապությունները մանկապարտեզ են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թմրեցուցիչ «հաց և տեսարաններ» քաղաքականության դեմ։ Դժբախտությունն այն է, որ ի տարբերություն ադրբեջանցի կնոջ՝ հայաստանյան ընդդիմության առանձին հատվածներում չկա այն գիտակցումը, որ մեզ ոչ թե «տեսարաններ» են պետք, այլ ինքնապաշտպանության և ինքնապահպանության քարոզ և նախապատրաստություն։
    Դրա փոխարեն ի սկզբանե տանուլ տրված մրցավազք է սկսվել իշխանությունների հետ, թե ով ավելի շատ կամ թեկուզ ավելի «էներգախնայող» «տեսարաններ» կապահովի։
    Որևէ մի ճնշված խումբ ի սկզբանե պարտված է, եթե ընդունում է իրեն ճնշողի պարտադրած խաղի կանոնները և ի վիճակի չի լինում ճեղքել դրանց օղակը։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Հետազոտական նպատակով մեր փառահեղ ազատամարտի արխիվներն էի քչփորում, երբ հանդիպեցի…

    Հետազոտական նպատակով մեր փառահեղ ազատամարտի արխիվներն էի քչփորում, երբ հանդիպեցի մի փշաքաղեցնող տեղեկության․ «… երկրաշարժի նախօրյակին Նաջարյան ամուսինները … Լեռնային Ղարաբաղ են ուղարկել անհրաժեշտ քանակությամբ դեղորայք։ … Սակայն դեկտեմբերի 7-ից անմիջապես հետո ղարաբաղցիները ստացված ամբողջ դեղորայքն ուղարկեցին Լենինական»։
    Ազգային այս աննախադեպ համերաշխությունն ու ապրումակցումն էր նաև, որ հնարավոր դարձրեց մեր հաղթանակն Արցախյան առաջին պատերազմում։ Չկարծեք, թե Արցախում դեղորայքի պակաս չկար, և իրենց «ավելցուկն» էին ուղարկում աղետի գոտի․ մի աղետի գոտի էլ Արցախն էր սկսում հիշեցնել 1988 թ․ դեկտեմբերին։
    Ի դեպ, խոսքն այն նույն ղարաբաղցիների մասին է, որոնց նախ ՀՀՇ-ական, ապա քպ-ական քարոզչությունը կարգեցին որպես «ապերախտ» և «հայոց բոլոր ցավերի մեղավոր»։ Իսկ հաջորդիվ մեղավորներ կկարգվեն սյունեցիները՝ շաքեցի կնոջ գլխավորությամբ։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Երբ զարմանում եք այս կամ այն «քեմալականի» հանդգնության, այսպես ասած՝ «նագլիությա…

    Երբ զարմանում եք այս կամ այն «քեմալականի» հանդգնության, այսպես ասած՝ «նագլիության» աստիճանի և դա սնուցող աղբյուրների վրա, անմիջապես հիշե՛ք Աստծու խոսքը․ «Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել» (Ժողովող Ը․ 11)։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • 1977-78 թվականներին կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը, երբ նկարահանում էր «Մոսֆիլմ» և …

    1977-78 թվականներին կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը, երբ նկարահանում էր «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաների համատեղ ուժերով ստեղծվող «Մխիթար սպարապետ» («Հուսո աստղ») երկսերիանոց ֆիլմը, կենտրոնական իշխանություններից դադարեցման մի խիստ հրահրանգավորում եղավ:
    Բանն այն է, որ Քյարքի (Տիգրանաշեն) գյուղի դիմացի տարածքի հարթավայրում նկարահանվում էր Հայկական զորամիավորման և Աբդուլլա փաշայի կանոնավոր բանակի ճակատամարտը: Մի պահ մտովի վերարտադրեք այդ տեսարանը,թուրքական բազմաթիվ վրաններ, կիսալուսինով կեռ դրոշակներ,Աբդուլլա փաշայի զորախմբի ձիավորների մանևրներ և այլն:
    Այդ ամենը գյուղի բարձունքից տեսած ադրբեջանցիները անմիջապես հայտնում եմ խորհրդային մշակույթը, արվեստը, կինոն համակարգող՝ ԽՍՀՄ ղեկավար, փոխվարչապետ Հեյդար Ալիևին: Նրանց ներքին դրվածքը մշտապես էր այդպես, իրենց հետ կապված մի փոքր միջադեպ, անմիջապես Մոսկվա, հայր Ալիևին էին ծնգացնում: Ֆիլմի նկարահանվող ընդամենն այդ մեկ տեսարանը, դեռևս այն տարիներին, առճակատում առաջացրեց հայ-ադրբեջանական հարաբերություններում: Կարճ ասած, ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից ,զգեստնեի ձևավորումից,ձիերի վարժեցումից հետո, նկարահանումները վերևից խստագույնս արգելվեց… Եվ այն պարագայում,որ ճակատամարտը նկարահանվում էր հենց մեր՝ ՀԽՍՀ տարածքում:
    Երևան ժամանեց այն ժամանակվա «Մոսֆիլմ» կինոստուդիայի նորանշանակ տնօրեն Սիզովը, որը մեծ հեղինակություն էր վայելում մոսկովյան ղեկավար շրջաններում : Նրա ու Հայաստանի ղեկավարության համառ ջանքերի՝ կռիվ տալու, այո,այո կռիվ տալու շնորհիվ նկարահանումները վերսկսվեց:
    https://kinoashkharh.am/2021/08/inchu-dadarecvecin-mxitar-sparapet-filmi-nkarahanumner/
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    Ինչո՞ւ դադարեցվեցին «Մխիթար սպարապետ» ֆիլմի նկարահանումները․․․ — Kinoashkharh

    1977-78 թվականներին կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը, երբ նկարահանում էր «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաների համատեղ ուժերով ստեղծվող «Մխիթար սպարապետ» («Հուսո աստղ») երկսերիանոց ֆիլմը, կենտրոնական իշխանություններից դադարեցման մի խիստ հրահրանգավորում եղավ: Բոլորս…

  • Հայաստան ներխուժած զինված դիվերսանտի հանդեպ «փափուկ» վերաբերմունքը դե ֆակտո իշխա…

    Հայաստան ներխուժած զինված դիվերսանտի հանդեպ «փափուկ» վերաբերմունքը դե ֆակտո իշխանությունների կողմից ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչ աստիճանի փուչիկ է սրանց հորինած «ինքնիշխանությունը»։
    Ինքնիշխան այն երկիրն է, որ իր տարածքի հանդեպ իրականացնում է արդյունավետ և մենիշխան պաշտպանություն և կառավարում։
    3 օր շարունակ մի դիվերսանտի հարց լուծել չուզողները/չկարողացողներն ահավոր «ինքնիշխան են»։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Երբ չկա հայկական կառավարություն, որ պաշտպանի հայերին, վերջիններիս ինքնապաշտպանու…

    Երբ չկա հայկական կառավարություն, որ պաշտպանի հայերին, վերջիններիս ինքնապաշտպանությունը դառնում է յուրաքանչյուրի անհատական հոգսը՝ հին, բայց ոչ այնքան բարի պետականազուրկ դարաշրջանների պես։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ• Քչերն են հիշում, որ «Путин сказал армянам…

    ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    • Քչերն են հիշում, որ «Путин сказал армянам давать проход» գեղջկական երգը, որ 11 տարի առաջ Ստավրոպոլից «ցնցեց համացանցը», ունի պատմական հիմք։
    • Այն վերաբերում է 2003 թ․ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտասանած, իսկ ավելի ճիշտ՝ մեջբերած խոսքերին։ Միջոցառման վերջում Վ․ Պուտինը ցանկանում է մի բան ավելացնել և կարդում է Պետրոս Մեծի՝ 1711 թ․ մարտի 2-ի թվակիր հրամանից մի հատված՝ «… Армянъ какъ возможно приласкать и облегчить въ чемъ пристойно, дабы тѣмъ подать охоту для большаго ихъ пріѣзда» («… հայերին, ըստ կարելւոյն, սիրաշահել եւ, ըստ հարկին, հոգսաթափ անել, դրանով շահագրգռել, որ աւելի շատ գան»)։ Վերջում Վ․ Պուտինը հաղթական կեցվածքով իր կողմից փաստում է, թե «ասված է, արված է»։
    • Խնդիրն այն է, որ Վ․ Պուտինի մեջբերման համատեքստը լրիվ այլ իմաստային տպավորություն է ստեղծում, քան ուներ Պետրոս Մեծի բնագիրը։ Հրամանն ամբողջությամբ կարդալու դեպքում սկզբում կտեսնենք այս տողը՝ «Персидскій торгъ умножить…» (Полное собранiе законовъ Россiйской Имперiи, съ 1649 года, т. IV, 1700-1712, 1830, стр. 662-663)։ Սկզբնաղբյուրի և առհասարակ դարաշրջանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հրամանը հենց ռուս-իրանական առևտրին զարկ տալու մասին էր, իսկ հայերի հատվածը վերաբերում էր Նոր Ջուղայի (Սպահանի) հայ առևտրականներին շահագրգռելուն, որ իրանական մետաքսը Հալեպ-Զմյուռնիա օսմանյան ճանապարհի փոխարեն Աստրախան-Մոսկվա ճանապարհով արտահանեին դեպի Եվրոպա։
    • Վ․ Պուտինի ընտրողական ընթերցմամբ տպավորություն է ստեղծվում, թե Պետրոս Մեծը նկատի ուներ հայ խոպանչիների բազմահոծ զանգվածներ Ռուսաստան բերելուն․ մի բան, որ տեղի էր ունենում Վ․ Պուտինի օրոք։ Պետրոսի ժամանակ նման գաղթաշարժեր Շիրվանից և Արցախից հետագայում եղան, բայց ոչ 1711 թ․-ին, այլ 1724 թ․-ից հետո, երբ Ռուսաստանի կասպիական արշավանքը մնաց կիսկատար, Օսմանյան կայսրության հետ կնքվեց Անդրկովկասի բաժանման համաձայնություն, իսկ Արցախի հայկական սղնախները, միայնակ մնալով թշնամիների դեմ, դատապարտվեցին վաղ թե ուշ թևակոխելու հոգեվարքի ճամփան։
    • Ինչևէ, անցածն անցած է։ Այսօր նույնանման հոգեվարք են թևակոխել հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ խորհելով դրա պատճառների մասին, որի հետ ուղղակիորեն կապված է նաև 2018 թ․-ից սկսված Հայաստանի անկումը՝ կարծում եմ, որ խնդիրը հայ և ռուս էլիտաների մտածողության մեջ էր։ Ռուսական էլիտաները չկարողացան ձերբազատվել կայսերապետական հակումներից, իսկ հայկական էլիտաները՝ պերիֆերիայի բարդույթից։
    • Ապագա հայ-ռուսական միջպետական և ժողովրդային հարաբերությունները պետք է կառուցվեն նորովի և ավելի զորավոր՝ հիմնված անցյալի սխալներից քաղված դասերի վրա։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar
  • ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն Է• Երբ 1993 թ․-ին Արցախի մեծ մասն ազատագրվեց, հեռացած ադրբ…

    ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն Է
    • Երբ 1993 թ․-ին Արցախի մեծ մասն ազատագրվեց, հեռացած ադրբեջանցիները հաստատվեցին Ադրբեջանի տարբեր գյուղերում ու քաղաքներում։ Ամենաշատը նրանք լսում էին հետևյալ մեղադրանքը՝ «satdınız, gəldiniz» («ծախեցիք, էկաք») կամ թե՝ հետևյալ պախարակումը՝ «nəyin qaldı Qarabağda» («ի՞նչդ ես թողել Ղարաբաղում»)։ Այո՛, այո՛։ «Մայր ադրբեջանցիները» հալածում էին փախստականներին ճիշտ այնպես, ինչպես այսօրվա կապիտուլյանտական լծի տակ գտնվողները՝ Արցախի հայերին։ Սա բնական է և պայմանավորված չէ ազգությամբ։ Եթե մարդկային խմբի ընթացքը թողնում ես ինքնահոսի, այն մեծ հավանականությամբ կդառնա ծույլ, պղերգ, չկամ, չարախոս ու նախանձ։
    • Ադրբեջանում Ալիևները բեկեցին այդ «ինքնահոս» ընթացքը, Ղարաբաղն ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» դարձրին ադրբեջանական ազգաշինության կենտրոնական տարրեր՝ պետությունը վերածելով միաձույլ ռևանշիստական մեքենայի։ Իսկ այսօրվա հետպատերազմյան Հայաստանում, ինչպես գիտեք, արվում է հակառակը․ առաջին հերթին հենց դե-ֆակտո իշխանություններն են համակերպեցնում ժողովրդին պարտության հետ և ներազգային ատելություն հրահրում Արցախից բռնագաղթեցվածների հանդեպ։
    • Այժմ վերադառնանք Արցախ։ Թուրքմենական տիրապետության օրերին՝ 1500 թ․-ին, մի հիշատակագիր այսպես է վկայում Հայաստանին պատուհասած արհավիրքների հետևանքները․ «… եւ ոչ ուրէք մնասցէ մարդ ի վերայ երկրի, բայց միայն ի ձորն Մանանաղոյ եւ ի լերինս Սասնոյ եւ ի մայրիս Արցխոյ» (Մատենադարան, № 6146, թերթ 7ա)։ Այսպես դարեր շարունակ լինելով հայկական քաղաքակրթական ինքնության կրողն ու պահեստարանը՝ Արցախն այսօր մարդաթափ է։ Բայց դա ողբերգության կեսն է։ Կա Աբելի սպանությունը Կայենի կողմից և կա Աբելի սպանությունից հետո Կայենի նենգ պատասխանն Աստծուն՝ «չգիտեմ․ միթէ պահապա՞ն իցեմ եղբօրն իմոյ»։ Արցախի «հեռադիտակային» հանձնումն Աբելի սպանությունն է, իսկ Արցախի անկումից հետո գերսահմանամերձ դարձած Կապան քաղաքում այսօր կազմակերպած վայ-համերգը՝ կայենական նենգ պատասխանը…
    • Բայց ինչպես ամենայն հայոց բանաստեղծն է ասել․ «էսպես չի մնա»։ Արցախն անպայման վերաազատագրվելու է, իսկ կայենական պատժից ոչ ոք չի խուսափելու։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar