Ի՞նչ է փոխվում, երբ կլիմայի փոփոխության մասին խոսում են ոչ միայն մասնագետներն ու քաղաքականություն մշակողները, այլև այն սերունդը, որը ստիպված է լինելու ապրել այդ փոփոխությունների հետևանքների հետ։ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդ ու դեռահաս երկու օր շարունակ հենց այս հարցի շուրջ էին քննարկում, առաջարկում ու վիճում։ Բայց այս հանդիպման նպատակը միայն խոսելը չէր․ նրանց խնդիրն էր սեփական մտքերն ու համայնքների խնդիրները վերածել միասնական առաջարկների, ինչի արդյունքում ընդունվել է Երիտասարդների ազգային հայտարարություն․ այն Հայաստանի դեռահասների ու երիտասարդների միասնական դիրքորոշումն է և հաջորդ փուլում պետք է ներկայացվի միջազգային հարթակներում, այդ թվում՝ Երևանում կայանալիք CBD COP17-ում, իսկ COP31-ի նախաշեմին՝ ներառվի Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում։
«Ես մասնակցել եմ COP 28-ին՝ Դուբայում, և հենց այդ ժամանակ հասկացա, թե որքան կարևոր է, որ մենք ունենանք ազգային հայտարարություն։ Երբ երիտասարդները մասնակցում են նման համաժողովների, պետք է իրենց ձեռքում ունենան հաստատված փաստաթուղթ, որով կարող են ներկայացնել, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան։ Վստահ եմ՝ եթե Հայաստանից երիտասարդներ մասնակցեն COP 31-ին, նրանք արդեն ավելի վստահ և հստակ քայլերով կգնան՝ իմանալով, թե ինչ են ներկայացնելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈւՆԻՍԵՖ-ին կից Կլիմայի հարցերով երիտասարդական խորհրդի անդամ Անի Փալտաջյանը:
Թողնել պատասխան