Հայաստանում նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վար…

Հայաստանում նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով գործող հաշտության հնարավորությունը, որով պետությանը պետք է փոխանցվի ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի առնվազն 75 տոկոսը։ 
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է համապատասխան կարգավորումը վերացնել՝ նախատեսելով ապօրինի ծագում ունեցող գույքի 100 տոկոսի վերադարձ։
«Իմիջիայլոց, տեղյակ եք չէ՞, ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնում է, 75 տոկոսը վերադարձվում է պետությանը։ Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա այլևս 25 տոկոս։ Առհասարակ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետությունը բավարար ժամանակ է տվել այդ հնարավորությունից օգտվելու համար։
«Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի։ 100 տոկոսը պետք է վերադարձնեն»,-հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությամբ հաշտության այդ հնարավորությունն ամբողջությամբ կվերացվի։
«Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,-ասաց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով