Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիր…

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է  Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Այցի շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպմանն ընդգծվել են վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և կարևորել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։
Մասնավորապես, կարևորելով նախնական տվյալների կանոնավոր փոխանակումը՝ որպես փոխադարձ առևտրի դյուրացման և անվտանգության ապահովման կաևոր գործիք՝ կողմերը նախանշել են համակարգի հնարավորինս վաղ գործարկման համար անհրաժեշտ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև կողմերի միջև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքներին ու վերջնական պայմանավորվածության հասնելու քայլերին։
Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Քննարկվել են նաև սահմանային թողունակության ծավալների մշտադիտարկման և այդ ծավալների բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցեր։
Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Նորդուզի անցման կետում, որտեղ ներկայացվել է ԻԻՀ ձեռքբերումները՝ մաքսային համակարգի թվայնացման շրջանակում ։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանն այսօր վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և համատեղ բարգավաճման հասնելու լավագույն ուղին փոխադարձ վստահության վրա հիմնված ջանքերի համատեղումն է։
«Այս համատեքստում կարևոր է նաև երկու երկրների՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։
Այս փոխադարձ զարգացումն ու սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն երկկողմ տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար»,–նշել է Էդուարդ Հակոբյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով