Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Գանձասարո…

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Գանձասարում տեղի ունեցած իրադարձություններից հետո խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իրենք մշտական կապի մեջ են և գրեթե երկու օրը մեկ զրուցում են։
Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրապարակային արձագանքել Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններին՝ Սիմոնյանը նշել է, որ միշտ չէ, որ բոլոր հայտարարությունները պետք է հրապարակային պատասխան ստանան։

«Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին դրանով վնաս տամ»,- ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծեց՝ խաղաղության գործընթացը պահանջում է զգուշավոր մոտեցում։

«Մենք 100 անգամ ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ այդ խնամքը պետք է ի ցույց դնել»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Սիմոնյանը միաժամանակ հաստատել է, որ Գանձասարում տեղի ունեցածից հետո հարցը քննարկել է Հիքմեթ Հաջիևի հետ։

« Այո, խոսել եմ ես դրանից հետո, եկեք մանրամասները չպատմեմ։ Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ նրա հեռախոսահամարը։ Կարելի է ասել՝ երկու օրը մեկ իրար հետ զրուցում ենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ շփումների ընթացքում բարձրաձայնվել են նաև մտահոգություններ, որպեսզի նման դեպքերը չվնասեն հայ-ադրբեջանական գործընթացին։

«Ես ուրիշ մտահոգություններ էի նաև արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին հանկարծակի նման դեպքերը չխանգարեն, և հիմա էլ եմ կարծում, որ նման իրադարձությունները չպետք է խանգարեն»,- ասել է Սիմոնյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու ադրբեջանական կողմը նույն զգուշավորությունը չի ցուցաբերում, Սիմոնյանը պատասխանել է, որ ինքը պատասխանատվություն է կրում հայկական կողմի դիրքորոշման համար։

«Ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ էլ ուզում իրենց համար պատասխանատու լինել։ Մենք ոչ իրենց աչքն ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքն ունեն»,- ասել է նա։

Հարցին՝ ադրբեջանական կողմն ընդունո՞ւմ է իր սխալը, Սիմոնյանն ասել է, որ երկու կողմերն ունեն իրենց տեսակետները։

«Կա իրենց տեսակետը և կա մեր տեսակետը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ այդ տեսակետները նախ չբերենք, չբախենք մեկը մյուսին։ Մեր ինքնությունը, խաղաղությունը և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, դնել իրար հետ կոնֆլիկտի մեջ՝ ճիշտ չէ»,- նշել է նա։

Սիմոնյանը կրկին հավելել է, որ հրապարակային կոշտ արձագանքը կարող է ներքին լսարանի համար գոհացուցիչ լինել, սակայն չօգնել խաղաղության գործընթացին։

«Կարող եմ հիմա այնպես պատասխանել, որ բոլորդ ասեք՝ ո՜ւխ, բայց դա այսքան բաղձալի խաղաղությանը օգուտ չի բերի»,- եզրափակել է ԱԽ քարտուղարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով