– Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին արձագանքել է «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին՝ այն համարելով «լրջագույն մարտահրավեր ու անվտանգային սպառնալիք Հայաստանի համար»: Ինչպե՞ս կգնահատեք նրա հայտարարությունը:– Փաշինյանը պարբերաբար ժխտում էր այդ խնդրի առկայությունը, բայց այս հայտարարությունը ես համարում եմ հանրային արձագանքի արդյունք: Սովորաբար նա շատ զգայուն է հանրային արձագանքների նկատմամբ ու հասկանում է, որ Ադրբեջանի օգտին այդքան փաստաբանություն անելուց հետո գոնե ինչ-որ բան պետք է ասի Հայաստանի շահերի օգտին:
Բայց ինձ համար շատ ցավալի է, որ գործնական առումով այս խնդրի չեզոքացմանն ուղղված որևէ քայլ չի արվում, չորս տարի է՝ ես պարբերաբար, հստակ խոսում եմ, թե ինչ քայլեր կարելի է անել դա չեզոքացնելու համար, բայց իրենք դա չեն անում, ավելին՝ Փաշինյանը պարբերաբար դա համեմատում է Արցախի խնդրի հետ: Թվում է, թե նա խոսում է խնդրի մասին, բայց դրանից խնդիրը ոչ միայն չի վերանում, այլև ինքը փորձում է վերացնել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, որը միջազգայնորեն ամրագրված է:
Արցախի խնդիրը չի կարելի համեմատել ակնհայտ զավթողական ծրագրի հետ, ու որևէ միջազգային ատյան երբևէ դրա ամրագրումը չի տվել, ավելին՝ մերժել է: Այս իշխանությունը որդեգրել է չտեսնելու, չարձագանքելու քաղաքականությունը, բայց չգիտի, որ դրանով չի կարող անվտանգ ու պաշտպանված լինել: Լավագույն ձևակերպումը թերևս տվել է դերասան Վարդան Պետրոսյանը, որ ասում է՝ չի պարտվում նա, ով չի պայքարում, ավելին՝ չի պարտվում նա, ով չկա: Կարծում եմ՝ սա է իշխանությունների կարգախոսը՝ մեզ մի նկատեք, մենք գոյություն չունենք, հետևաբար այլևս պարտություն չի լինի:
https://medialab.am/322126/
Ադրբեջանը ցանկացած պահի աչքի տակ ունի այդ սցենարը՝ գնալ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան — MediaLab…
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, վերջին օրերին Ադրբեջանից բարձր մակարդակով հնչող հայտարարությունները վերլուծական որոշ շրջանակների մոտ ձևավորել են այն կարծիքը, թե Ադրբեջանը…
Թողնել պատասխան