Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջ…

Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 1-3-ը Երևանում կանցկացվի «Երևան․ քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը նշեց, որ գիտաժողովն անցկացվում է բավական հագեցած ծրագրով ու ընդգրկուն մասնակցությամբ։
«Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից 90 զեկուցող հանդես է գալու գիտաժողովի շրջանակում։ Ներկայացված են լինելու 30-ից ավելի կրթական, մշակութային և պետական կառույցներ։ Միջազգային մեր գործընկերներից մասնակցություն ունենք Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Մասնավորապես, Թյուբինգենի Էբերհարդ Կարլի համալսարանը, Բրեմենի կիրառական գիտությունների համալսարանը, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, ԱՄՆ-ի Արևելյան թեմի ազգային առաջնորդարանը»,-ասաց Գևորգ Օրբելյանը։  
Երևանի պատմության թանգարանի տնօրենը նշեց, որ սա շատ լավ առիթ է ներկայացնելու նոր աշխատանքներ, հետազոտություններ, որոնք կօգնեն բացահայտելու մայրաքաղաքի պատմական տարբեր շերտեր։ Զեկույցները անդրադառնալու են Երևանի պատմությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը, հնագիտական աշխատանքներին, թանգարանագիտությանը և այլն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով