Չորս ֆավորիտ, երկու ուղեգիր, մեկ գավաթԸնթացիկ աշխարհի առաջնության ընթացքում,…

🇫🇷 🇪🇸 🇬🇧 🇦🇷 Չորս ֆավորիտ, երկու ուղեգիր, մեկ գավաթ
Ընթացիկ աշխարհի առաջնության ընթացքում, ցավոք, տեսանք երևույթներ, որոնք ստվերեցին ֆուտբոլի համաշխարհային տոնը։ Խիստ դատապարտելի էր Իրանի հավաքականի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով դրսևորված խտրական վերաբերմունքը։ Նույնքան մտահոգիչ էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ՝ սպորտի նկատմամբ քաղաքական միջամտության վտանգների մասին ևս մեկ անգամ հիշեցնող դրվագը։
Սակայն հիմա ժամանակն է կենտրոնանալու գլխավորի վրա՝ ֆուտբոլի անսպառ էներգիայի, գեղեցիկ խաղի և այն մարզական հրաշքների, որոնց համար միլիոնավոր մարդիկ սիրում են աշխարհի ամենահայտնի մարզաձևը։
Աշխարհի առաջնությունն արդեն հասել է կիսաեզրափակիչ փուլ, որտեղ մնացել են չորս իսկապես մեծ հավաքականներ՝ Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան և գործող աշխարհի չեմպիոն Արգենտինան։
Րոպեներ անց մեկնարկելու է Ֆրանսիա–Իսպանիա գերդիմակայությունը։ Ֆրանսիացիների գլխավոր աստղը մրցաշարի լավագույն ռմբարկուներից Կիլիան Մբապպեն է՝ 8 խփած գոլով, իսկ Իսպանիայի գլխավոր հայտնությունն ու խորհրդանիշը 19-ամյա Լամին Յամալն է, որն իր խաղով դարձել է այս առաջնության ամենավառ բացահայտումներից մեկը։ Նա ոչ միայն անհատական վարպետությամբ է փայլում, այլև կարողանում է կազմակերպել թիմային խաղը, թելադրել տեմպը և երիտասարդական անվախությամբ էներգիա ներշնչել ամբողջ թիմին։
Վաղը երկրորդ եզրափակչի ուղեգրի համար կմրցեն գործող աշխարհի չեմպիոն Արգենտինան՝ 39-ամյա Լիոնել Մեսսիի առաջնորդությամբ, և Անգլիան, որի հարձակողական գիծը գլխավորում են Ջուդ Բելինգհեմն ու Հարի Քեյնը՝ 6-ական խփած գոլերով։
Այս չորս հավաքականներից յուրաքանչյուրը լիովին արժանի է լինել եզրափակչում։ Նրանք ներկայացնում են տարբեր ֆուտբոլային դպրոցներ և խաղաոճեր, սակայն բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ բարձրակարգ վարպետությամբ օժտված խաղացողներ, ամուր թիմային կազմակերպվածություն և հաղթողի հոգեբանություն։
Իմ համակրանքն այս քառյակում Իսպանիայի հավաքականի կողմն է։ Սակայն եթե մի կողմ դնեմ երկրպագուի զգացմունքները և գնահատեմ բացառապես ցուցադրած խաղը, ապա կարծում եմ՝ հենց Ֆրանսիայի հավաքականն է այս պահին ամենաամբողջական, ամենահավասարակշռված և ամենաչեմպիոնական տեսք ունեցող թիմը։ Նրանք տիրապետում են՝ ոչ միայն Մբապպեի գլխավորությամբ աստղերով հագեցած հարձակմանը, այլև ամուր պաշտպանական կազմին, խելացի և բազմաֆունկցիոնալ կիսապաշտպանությանը, ինչպես նաև խոշոր մրցաշարերում հաղթանակի հարուստ փորձին և հոգեբանական ամրությանը, որը հաճախ վճռորոշ նշանակություն ունի նման փուլերում։
Մաղթենք, որ աշխարհի առաջնության վճռորոշ փուլում այլևս չխոսենք քաղաքական միջամտությունների, խտրականության կամ արհեստական աղմուկի մասին։ Թող առաջիկա օրերին գլխավոր հերոսները լինեն բացառապես ֆուտբոլիստները, իսկ իսկական հաղթողը՝ ֆուտբոլը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով