Շաքիի մղձավանջին հետեւեցին լռության օրեր, որոնց ընթացքում պաշտոնական մեկնաբանութ…

Շաքիի մղձավանջին հետեւեցին լռության օրեր, որոնց ընթացքում պաշտոնական մեկնաբանությունները կիսատ-պռատ էին, կեղծ ու սուտ, ցույց տալով մեր պետական պաշտոնյաների բացարձակ անկարողությունը, տհասությունը եւ չկայացվածությունը։ Հիմա, երբ տարբեր գործիչներն ու գործիքները սկսեցին խոսել՝ պարզ դարձավ, որ լավ կլիներ եթե նրանք շարունակեին լռել։ Որովհետեւ երկրի սահմանը զենքով հատած, երեք երեխային պատանդ վերցրած, նրանց մայրիկի վրա երկու անգամ կրակած թրքի դեպքում պետություն կոչվածը պարտավոր է(ր) գործել արագ, հստակ եւ կոշտ։ Ահազանգ ստանալուց անմիջապես հետո տարածքը բաժանվում է հատվածների, յուրաքանչյուրն իր պատախանատուներով ԶՈւ, ԱԱԾ, ՆԳՆ, ԱԻՆ համակարգերից։ Ուժեղացված վերահսկողություն բնակավայրերում, ուղղաթիռների, ԱԹՍ-ների, ծառայողական շների մասնակցությամբ, անմիջապես զգուշացում ազգաբնակչությանը, անհրաժեշտության դեպքում զենքի բաժանում եւ աշխարհազորի ստեղծում, ի վերջո՝ «երկրապահների» օգտագործում։ Սրանք են առաջին անհրաժեշտության քայլերը ցանկացած նորմալ պետության կողմից։ Բայց «մերն ուրիշ է»… Մեզ սկսում են պատմել «Բարի գիշեր, երեխաներ» ժանրի հեքիաթներ, թե բա «պետք է դեռ պարզել, սա դասալի՞ք է, թե մոլորված, թե ինչ ծանր մանկություն ուներ կամ ինչպես էին նրան հալածում զորամասում»… Տիկնայք եւ պարոնայք՝ դուք հավակնում եք պետություն ղեկավարել, այլ ոչ թե կարի ու պարի խմբակ կամ սիրողական հոգեբանի բլոգ։ Խոսքը երեխաներին պատանդ վերցրած ու հայ կնոջ դեմ մահափորձ արած գազանի մասին է։ Խոսքը հայրենական տարածքի մեկ երրորդը կորցրած, իր տներից, տաճարներից, գերեզմաններից զրկված ու 150 հազար փախստական ստացած հայ ազգի մասին է։ Եւ դուք այսօր հերթական անգամ ապացուցում եք, որ բանակում չծառայած, պատերազմի չմասնակցած, ոչ մի հիմնարկ երբեւէ չղեկավարած, ոչ մի տուն չկառուցած, ոչ մի ազգանվեր գործ չկատարած, դուք պիտանի չեք ազգը եւ Հայրենիքը պաշտպանելու, պետությունն առաջնորդելու եւ գոնե այս ամենը հասկանալ էլ ի վիճակի չեք։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով