ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Շաքիի միջադեպի առնչությամբ արձանագրել …

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Շաքիի միջադեպի առնչությամբ արձանագրել է թերացումներ՝ նշելով, որ դրանք ունեցել են և կունենան հետևանքներ։
Պապիկյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։
«Բնականաբար, թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ։ Բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,– ընդգծեց պաշտպանության նախարարը։
Պապիկյանը նշեց, որ միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունների և քննչական գործողությունների անցկացումից հետո։
Նախարարի խոսքով՝ հնարավոր միջադեպի մասին տեղեկանալուց հետո Հայաստանի պատկան մարմիններն իրականացրել են իրավական ակտերով սահմանված գործողություններ, այդ թվում՝ որոնողական աշխատանքներ։
Տարոն Չախոյանը լրացուցիչ հարցում խնդրեց անդրադառնալ նաև տեղի ունեցածը դիվերսիա որակող պնդումներին։
Պապիկյանը պատասխանեց, որ տվյալ անձը ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել։ Նախարարի գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդեն իսկ վկայում է, որ նա դիվերսանտ չէ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով